ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Աշխատողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում եւ ամեն անգամ մեկ տարով է վերցրել: Սեպտեմբերին լրանում է արձակուրդի երկրորդ տարին, բայց մինչ լրանալն աշխատողը դիմել է գործատուին, որպեսզի ժամանակից շուտ անցնի աշխատանքի: Այս դեպքում գործատուն կարո՞ղ է վերցնել աշխատողին, եթե այո, ապա արդյո՞ք ՀՀ աշխատանքային օրենսգրքով գործատուն պատասխանատվության կենթարկվի:
Լիլիթ Հունանյան (32 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 173-րդ հոդվ. համաձայն` երեխայի խնամքի արձակուրդն այդ իրավունքն ունեցող աշխատողին տրամադրվում է ամբողջությամբ կամ մաս-մաս, եւ նման իրավունք ունեցող աշխատողն այն կարող է ստանալ արտահերթ:
Երեխայի խնամքի արձակուրդի իրավունք ունեցող աշխատողը մինչեւ երեխայի 3 տարին լրանալը կարող է ցանկացած պահի դիմել գործատուին երեխայի խնամքի արձակուրդ ստանալու, ինչպես նաեւ այդ արձակուրդից վերադառնալու համար, որքան էլ դա հակասի գործատուի գործունեության բնականոն ընթացքին:
Ինչ վերաբերում է արձակուրդից վերադառնալու ընթացակարգին, ապա աշխատողը նախ եւ առաջ պետք է գրավոր դիմումով տեղեկացնի գործատուին աշխատանքի վերադառնալու իր ցանկության մասին: Այնուհետեւ գործատուն աշխատողի դիմումի հիման վրա հրաման ընդունի վերջինիս՝ խնամքի արձակուրդից վերադառնալու եւ դրանից բխող համապատասխան գործողություններ իրականացնելու մասին:
«Իրավունքի իրազեկում» հ/կ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցանկալի է` արձակուրդի գնացող յուրաքանչյուր աշխատող լիովին ու մանրամասն տեղեկացված լինի իր աշխատանքային եւ արձակուրդային իրավունքներից: Հակառակ դեպքում կարող է հայտնվել տհաճ իրավիճակներում, եւ տուժել գործատուի հետ հակադրվելու արդյունքում:

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե հաշմանդամները պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ եւ վերականգնման տեխնիկական ու այլ օժանդակ միջոցներ ստանալու համար ուր կարող են դիմել, եւ ինչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել:
Լուսինե Հարությունյան (48 տարեկան,
տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Անձը պրոթեզաօրթոպեդիկ եւ վերականգնողական պարագա ստանալու համար դիմում է կազմակերպություն՝ ներկայացնելով.
– անձը հաստատող փաստաթուղթ (մինչեւ 16 տարեկան երեխաների համար՝ ծննդյան վկայական եւ նրա ծնողներից մեկի կամ օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը),
– համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթուղթ,
– հաշմանդամներն առաջին անգամ դիմելու դեպքում՝ նաեւ վերականգնողական անհատական ծրագիր,
– լսողական սարք ստանալու համար՝ նաեւ սուրդոլոգի եզրակացությունը,
– աչքի եւ ձայնալարերի պրոթեզավորման համար՝ համապատասխան մասնագիտացված բժշկական կազմակերպությունների եզրակացությունները:
Պրոթեզաօրթոպեդիկ պարագաները, վերականգնման տեխնիկական եւ այլ օժանդակ միջոցները տրամադրվում են անվճար:
Հաշմանդամ երեխաներին եւ երիտասարդներին աջակցող կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2012թ. Հայաստանում հաշվառվել է 176.798 հաշմանդամ: Իսկ աշխարհում հաշմանդամություն ունեցող անձանց թիվն անցնում է 1 միլիարդից՝ կազմելով ողջ երկրի բնակչության 15%-ը:




Լրահոս