«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Ֆիզիկական անձանց կողմից բանկային համակարգի միջոցով արտերկրից Հայաստան փոխանցվող գումարների շարժը, ինչպես և սպասվում էր, այս տարի փոխվել է: Եթե տրանսֆերտները շարունակում են ավելանալ, ապա այլ կարգի փոխանցումները նվազել են: Համաձայն Կենտրոնական բանկի տվյալների, անցած տարվա 777,8 միլիոնի դիմաց տարեսկզբի հինգ ամիսներին դրանք կազմել են 764,1 մլն դոլար:
Չնայած տրանսֆերտների հոսքն ավելի մեծ է եղել, ի տարբերություն ֆիզիկական անձանց կատարած այլ կարգի փոխանցումների, այնուհանդերձ դրանց աճի տեմպը զգալիորեն նվազել է: Տարեսկզբի հինգ ամիսների ընթացքում, ըստ Կենտրոնական բանկի տվյալների, ոչ առևտրային բնույթի փոխանցումներն ավելացել են ընդամենը 31,5 մլն դոլարով կամ 5,4 տոկոսով: Սա գրեթե կրկնակի պակաս է նախորդ տարվա համեմատ: 2013թ. նույն ժամանակահատվածում արտերկրից Հայաստան մտնող տրանսֆերտներն ավելացել էին 11 տոկոսով (կամ 57,5 մլն դոլարով):
Տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 471,4 մլն դոլար: Աճի տեմպն այս դեպքում ավելի փոքր է՝ ընդամենը 4,1 տոկոսի շրջանակներում, մինչդեռ անցած տարի գերազանցում էր 10 տոկոսի սահմանը:
Դանդաղել է հատկապես Ռուսաստանից ստացվող ոչ առևտրային բնույթի փոխանցումների աճը: Կենտրոնական բանկի տվյալների համաձայն, Ռուսաստանից տարեսկզբի հինգ ամիսներին ֆիզիկական անձինք տրանսֆերտների տեսքով Հայաստան են ուղարկել 493 մլն դոլար (աճը՝ 3,7 տոկոս):
Սակայն դա հիմնականում պայմանավորված է տարեսկզբի առաջին ամսում գրանցված աճի աննախադեպ բարձր տեմպով: Մասնավորապես հունվարին ռուսական տրանսֆերտները նախորդ տարվա ցուցանիշը գերազանցեցին 23 տոկոսով (կամ 15 միլիոն դոլարով):
Այս տարվա ընթացքում ռուսական տրանսֆերտներն ավելացել են ընդհանուր առմամբ 17,9 միլիոնով: Այլ կերպ ասած, դրա 83 տոկոսը ստացվել է միայն հունվարին»:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։