ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ` ՀԱՋՈՐԴ ԴԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ն մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ է առաջադրելու կամ սատարելու թվով 33 ընտրատարածքում: Նման որոշում է կայացվել ՀՀԿ գործադիր մարմնի երեկվա գիշերային նիստում:
Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստը տեւեց ավելի քան 2.5 ժամ` 20.30-ից մինչեւ 23-ը: Նիստից ամենաշուտը դուրս եկավ ՀՀԿ ԳՄ անդամներից Կարեն Կարապետյանը (ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար): Սակայն նրա հեռանալուց հետո ՀՀԿ-ականները մոտավորապես 30-40 րոպե էլ շարունակեցին քննարկումները: Այնուհետեւ ՀՀԿ ԳՄ անդամները դուրս եկան շենքից, քննարկումները մոտ 5 րոպե շարունակվեցին ոտքի վրա: Ու չնայած բավական ցուրտ եղանակին, քանի դեռ Սերժ Սարգսյանը դրսում զրուցում էր, ՀՀԿ-ականներից որեւէ մեկը այդպես էլ չհամարձակվեց ո՛չ շենք վերադառնալ, ո՛չ էլ մեքենայով գնալ: Հետո ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն ու Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը, բնականաբար թիկնազորի ուղեկցությամբ, միասին մտան ՀՀԿ մոտակայքում գտնվող «Տաշիր-պիցցա»: Իսկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ու ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը հանգիստ ծխում էին ՀՀԿ շենքի մոտ: Մեր թղթակցի աչքից չի վրիպել, թե ինչպես են նրանք Երեւանի քաղաքապետի գլխավորությամբ ծխախոտի մնացուկները նետում ոչ թե աղբարկղ, այլ պարզապես մայթին:
ՀՀԿ շտաբի պետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը կարճատեւ ճեպազրույցի ժամանակ ասաց, որ իրենք ՀՀԿ համամասնական ցուցակի հարց չեն քննարկել: Ամենայն հավանականությամբ, այդ հարցին կանդրադառնան մինչեւ կիրակի: Աբրահամյանն այդպես էլ չասաց` ովքեր են լինելու ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին եռյակում: «Համամասնական ցուցակի հարց ընդհանրապես չի քննարկվել»,-ասաց նա: Փոխարենը, Աբրահամյանի խոսքերով, նախնական որոշում է կայացվել 33 ընտրատարածքում սեփական թեկնածուներն առաջադրելու կամ սատարելու մասին: ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին այս առնչությամբ հարցրինք` իսկ այն ընտրատարածքներում, որտեղ ՀՀԿ-ն չունենա թեկնածուներ, արդյոք պատրաստ է սատարելու կոալիցիոն գործընկերներին: «Այդ թեման մենք չենք քննարկել, այլ քննարկել ենք, թե ում ենք առաջադրում եւ որտեղ ենք պաշտպանում: Մոտավորապես` 33 ընտրատարածքում»,-նշեց Շարմազանովը: Նա ասաց, որ ՀՀԿ համամասնական ցուցակի քննարկման վերաբերյալ չեն որոշել կոնկրետ օր: «Համամասնական ցուցակում միայն Սերժ Սարգսյանի տեղը գիտեն` նա է գլխավորելու ցուցակը»,-ասաց Շարմազանովը` հավելելով, թե հայտնի չի` ովքեր որ տեղն են գրավելու ՀՀԿ ցուցակում:
«Ժողովուրդ»-ին հաջողվել է որոշակի տեղեկություններ հայթայթել երեկվա քննարկումների մասին: Ըստ այդմ, թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ-ն որոշել է Ռուբեն Հայրապետյանի փոխարեն առաջադրել Մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Գեւորգյանին, թիվ 2-ում` Սամվել Ֆարմանյանին, թիվ 3-ում` «Քեթրին գրուպ» ընկերության տնօրեն Արթուր Ստեփանյանին, թիվ 4-ում` «ՍԱՍ»-ի սեփականատեր Արտակ Սարգսյանին, 5-ում` Դավթաշենի թաղապետ Արթուր Գեւորգյանին, 6-ում` գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբորը` Աջափնյակի թաղապետ Ռուբեն Հովսեփյանին, 7-ում` Սամվել Ալեքսանյանին` Լֆիկ Սամոյին, 8-ում` Կորյուն Նահապետյանին, 9-ում` պատգամավոր Ռուբեն Սադոյանին, 11-ում` Գրիգորի Մարգարյանին` Բելլաջիոյի Գրիշին, 13-ում` Մհեր Սեդրակյանին, 14-ում` Վրեժ Մարկոսյանին, 16 ընտրատարածքում ՀՀԿ-ն սատարելու է բնապահպանության նախկին նախարար Մուրադ Մուրադյանին, 19-ում` գեներալ Սեյրան Սարոյանին, 21-ում` Ալիկ Պետրոսյանին` «ՄԱՊ»-ի Ալիկին, 22-ում` Մանվել Բադեյանին, 32-ում` Կարեն Կարապետյանին (Տաշիր), 33-ում` Աշոտ Աղաբաբյանին, 34-ում` Արման Սահակյանին, 36-ում` Մխիթար Վարագյանին, 38-ում` Վահե Հակոբյանին, 40-ում` Միքայել Վարդանյանին:
Թվարկված 22 ընտրատարածքներում ՀՀԿ որոշումը կարծես թե վերջնական է. գոնե երեկվա նիստում այդպես է խոսվել: Իսկ մյուս ընտրատեղամասերում թեեւ ունեն նախնական թեկնածուներ, սակայն վերջնական որեւէ որոշում չի կայացվել. ՀՀԿ-ն տատանվում է: Օրինակ` թիվ 15 ընտրատարածքում ՀՀԿ-ն մտորում է ՀՀԿ-ականներ Խաչիկ Մանուկյանին ու Մնացական Մնացականյանին սատարելու շուրջ: Թիվ 30-ում ՀՀԿ-ն չի կողմնորոշվում, թե ում սատարի` Վիկտոր Դալլաքյանի՞ն, թե՞ Վահրամ Բաղդասարյանին: Եւ այսպես շարունակ: Այս հարցն էլ վերջնականապես կփորձեն հստակեցնել հինգշաբթի կամ ուրբաթ օրը կայանալիք նիստում:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս