ԱՄԵՆԱՏԱՐԵՑ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մասիսի քաղաքապետ Դմիտրի Նազարյանը 64 տարեկան է` ամենատարեցը քաղաքապետերի մեջ: Դմիտրի Նազարյանը 2008 թվականին է ստանձնել Մասիսի քաղաքապետի պաշտոնը` դրանից առաջ էլ լինելով քաղխորհրդի գործկոմի նախագահ, ապա նաեւ քաղաքապետ: Դժվար է ասել, թե ինչն է տարիներ անց նրան նորից տարել քաղաքապետի պաշտոնին, մանավանդ որ ունի քաղաքացիական ծառայության դասային աստիճան: Ավելին, ունի նաեւ մեծ ու հագեցած կենսագրություն, որի առաջին «թռիչքները» գրանցվել են դեռեւս խորհրդային տարիներին:
Եթե մեր շատ պատգամավորներ եւ համայնքապետեր բարձրագույն կրթություն,  այն էլ` կոոպերատիվ բուհերում, ստացել են պաշտոններ ու մանդատներ ձեռք բերելուց հետո, ապա Դմիտրի Նազարյանն ավարտել է Երեւանի Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի արդյունաբերական եւ քաղաքաշինության բաժինը, որակավորումը` շինարար ինժեներ: Ավարտելուց հետո աշխատանքի է անցել Տեղական արդյունաբերության մինիստրության գիտահետազոտական ինստիտուտում, եղել ճարտարագետ: Ուղիղ տասնմեկ տարի` 1975-1986թթ., աշխատել է ԽՍՀՄ Շինարարական բանկի Մասիսի մասնաճյուղում որպես ավագ ճարտարագետ: Ընդամենը մեկ տարի աշխատելով որպես Մասիսի շրջանային Ագրոարդյունաբերական համալիրի շինարարության եւ վերակառուցման բաժնի վարիչ` Դմիտրի Նազարյանը նշանակվել է Մասիսի ավանային խորհրդի գործկոմի նախագահ: Չէ՛, արդարության դեմ չմեղանչելու համար ասենք` ընտրվել է: Յոթ տարի այս պաշտոնը վարելուց հետո 1994-1996-ին էլ եղել է Մասիսի քաղխորհրդի գործկոմի նախագահ: 1996-ին ընտրվել է քաղաքապետ եւ այս պաշտոնը վարել մինչեւ 1999 թվականը: Այսինքն` տասներկու տարի ղեկավարել է Մասիս քաղաքը` բնականաբար, այստեղ կիրառելով կոմունիստական այն մեթոդաբանությունը, որը հատուկ էր ժամանակին: Քաղաքապետի պաշտոնը թողնելուց հետո նշանակվել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների բաժնի վարիչ, այստեղ պաշտոնավարել յոթ տարի, իսկ 2006-2008թթ. եղել նույն բաժնի խորհրդատու: Ինչպես նշում են նախկին պաշտոնակիցները, որեւէ բանով աչքի չի ընկել աշխատանքում, եղել է սովորական չինովնիկ` ամեն անգամ սպասելով «վերեւից իջնող» հրահանգների: Երեւի Դմիտրի Նազարյանն այնքան է սիրել Մասիս քաղաքը, որ վաթսուն տարեկան հասակում կրկին դարձել է քաղաքապետ: Ըստ ամենայնի, նրան այս անձնազոհ քայլին մղել է հարազատ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
Ինչեւէ, Դմիտրի Նազարյանը ստանձնեց քաղաքապետի պաշտոնն ու առաջին իսկ օրերից ապացուցեց, որ իրեն քաղաքի խնդիրները չեն հետաքրքրում, որ ինքն ապրում է միայն իր խնդիրներով: Այսպես, օրինակ, Նոր թաղամասի 33 շենքի տանիքի խնդրով մտահոգված բնակիչները բազմաթիվ նամակներ էին հղել կառավարություն ու մարզպետարան: Վերջապես կառավարության կողմից հատկացվեցին գումարներ, տեւական ընդմիջումից հետո քաղաքապետարանն իբր սկսեց տանիքի վերանորոգման աշխատանքներն ու… գումարներն անհետացան, աշխատանքները դադարեցվեցին: Բնակիչները դիմեցին Արարատի մարզպետին, նա էլ դիմումն ուղարկեց Դմիտրի Նազարյանին, որպեսզի վերջինս խոստովանի, որ ինքն անգործության է մատնված, արհամարհում է բնակչության խնդիրները… Այնքան է անգործության մատնված, որ իր պաշտոնավարման չորս տարիների ընթացքում չի կարողացել լուծել քաղաքի կարեւորագույն խնդիրները, միայն գլխավոր փողոցն ասֆալտապատելով` անտերության է մատնել մյուս փողոցները, որոնք քանդված ու ավերված են:
Անձրեւային եղանակին մեքենաները թաղվում են  քանդված փողոցների փոսերի մեջ, իսկ քաղաքապետը միակ ասֆալտապատ փողոցով գալիս է քաղաքապետարան ու փակվում իր աշխատասենյակում, ինչպես բրեժնեւյան ժամանակներում, երբ իշխանավորներն անգամ վերելակներն էին առանձնացնում` հասարակ մարդկանց  հետ չշփվելու համար: Աշխատասենյակն էլ դարձրել է ԲՀԿ յուրատեսակ շտաբ եւ որեւէ մեկին աշխատանք չի տալիս, եթե նա իր կուսակցության անդամը չէ: Դմիտրի Նազարյանն ու այստեղից պատգամավոր ընտրված Տիգրան Ստեփանյանը Մասիսը բաժանել են յուրայինների եւ ոչ յուրայինների բանակների: Իհարկե, վերջերս իշխանություններն այստեղ «բհկաթափման» գործընթացներ են սկսել, ինչի արդյունքում ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանը հասցրել է Մասիսի հարկայինի պետ նշանակել տալ իր աներորդուն` Մովսես Արոյանին: Վերջերս էլ ձերբակալեցին Դմիտրի Նազարյանի «հենարաններից» մեկին` կոմունալ բաժնի պետ Արթուր Ղազարյանին:
Քաղաքի ու նրա մարդկանց հանդեպ անտարբերության արտահայտություններից մեկն էլ հայտնի դարձած խողովակաշարի պատմությունն էր, երբ նոր խողովակների փոխարեն մոնտաժվել էին հին խողովակներ` բնակչությանը հսկայական վնասներ պատճառելով: Գործին միջամտել էին իրավապահ մարմինները, իսկ Դմիտրի Նազարյանը փակվել էր իր խեցու մեջ եւ չէր ցանկանում գոնե իր տեսակետն արտահայտել: Իսկ այս կրավորականության պատճառն այն էր, որ ապօրինությունների գլուխ կանգնած էր Հովիկ Աբրահամյանի վարորդի եղբայրը` Նորիկ Գեւորգյանը: Դե, Նազարյանն ինչպե՞ս կարող էր դեմ դուրս գալ իր կուսակցության առաջնորդի խնամու վարորդի եղբորը: Իսկ մասիսցիներն էլ պիտի իրեն ըմբռնումով մոտենային:
Եւ ըմբռնումով էլ ապրելով` մասիսցիները միայն շշուկով են խոսում այն մասին, որ Դմիտրի Նազարյանի գլխավոր ուշադրությունը ոչ թե քաղաքն է, այլ իր անձնական բիզնեսը, որը գրանցել է երկու որդիների անունով եւ ամենուրեք հայտարարում է, թե ապրում է միայն ու միայն քաղաքապետի համեստ աշխատավարձով…

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս