Ամերիկացիները չեն հավատում իշխանության հաղթանակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի իշխանությունների` ընտրությունների ժամանակ անցկացրած «հայրենանվեր միջոցառումները» ոչ միայն պարզ ու հասկանալի են Հայաստանի սովորական քաղաքացիների, այլեւ միջազգային հանրության ներկայացուցիչների համար: Որքան էլ իշխանությունները ճոռոմաբանեն ազատ ու արդար ընտրությունների մասին, միեւնույն է` վերջում ստացվում է «ինչպես միշտ»: Հատկանշական է, որ այս մասին համապատասխան զեկուցագիր է կազմել նաեւ ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը: Վերջինիս ուղարկած զեկուցագիրը  գտնվում է «Վիկիլիքս»-ի հանրայնացրած փաստաթղթերի շարքում ու պատմում է Երեւանի ավագանու 2009թ. ընտրություններում իշխանությունների իրականացրած ընտրակեղծիքների ու մեքենայությունների մասին:

Սույն փաստաթղթի առկայությամբ իսկ փաստվում է, որ միջազգային հանրությունը ոչ միայն քաջատեղյակ է ընտրական խարդախություններին, այլեւ ուղղակիորեն չի հավատում իշխանությունների հաղթանակներին ու ազատ ընտրությունների մասին հեքիաթներին: Այսպես. դիվանագետը արձանագրում է, որ «Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքների վերլուծությունը թույլ է տալիս բավականին տարօրինակ ու հետաքրքիր պատկերի ականատեսը դառնալ»:

Ամերիկացին հայտնում է, որ իրենց հասած տեղեկությունների համաձայն` Տեղական ընտրական հանձնաժողովներում ընտրողների բարձր մասնակցությունը ուղեկցվել է խախտումներով: Հեղինակը պարզաբանում է, որ սա հատկապես ակներեւ է 7-րդ եւ 8-րդ ընտրատարածքներում` «աղմկահարույց Մալաթիա-Սեբաստիա համայնքը ներառող»: Պարզվում է` ԱՄՆ դեսպանությունը բավականին քաջատեղյակ է այս ընտրատարածքում իշխանությունների արկածախնդրություններից, անգամ մի շարք փաստաթղթերում հստակ հնչեցնում է կոնկրետ անուններ` հանձին Սամվել Ալեքսանյանի:

Ամերիկացի դիվանագետին բավականին տարօրինակ են թվացել հատկապես Հայ ազգային կոնգրեսի գրանցած արդյունքները: Ըստ նրա` ՀԱԿ-ին վերագրված թվերը ցույց են տալիս, որ այս քաղաքական ուժը բարձր արդյունքներ ունի միայն այն ընտրատեղամասերում, որտեղ ընտրողների մասնակցությունը քիչ է եղել: Դիվանագետը հանգում է այն եզրակացության, որ դրա «հիմնական պատճառն այն է, որ այս ընտրատեղամասերը չեն եղել ընտրախախտողների հիմնական թիրախները:

Բավականին հետաքրքիր է այն հանգամանքը, որ ՀԱԿ-ը հաղթել է Երեւանի 439 ընտրատեղամասերից միայն 5-ում` ի տարբերություն 2008թ. նախագահական ընտրությունների, երբ բացարձակ հաղթանակ էր տարել ավելի քան 80 տեղամասերում»: Փենինգտոնը շեշտում է, որ որոշ տեղամասերում ընտրողների մասնակցությունը գերազանցել է 70, 80 եւ անգամ 90 տոկոսը: Ցույց տալով իր ակնհայտ թերհավատությունն այս ամենին` դիվանագետը նկատում է, որ «եթե ԿԸՀ-ն չեղյալ հայտարարեր 66 ընտրատեղամասերի արդյունքները, ապա ՀՀԿ ձայները 47 տոկոսից կիջնեին 42 տոկոսի, ինչն արդեն  կասկածի տակ է դնում նրանց հաղթանակի իրական չափը»:

Դիվանագետը ուշադրություն է հրավիրել նաեւ այն փաստի վրա, որ «ամենաբարձր քվեարկութունն արձանագրած ընտրատեղամասերում (1,7,8,11,12) պատահականորեն այնպես է «համընկել», որ հաղթել է  ՀՀԿ-ն»: Իսկ ընդդիմադիր ՀԱԿ-ի ստացած ձայները ցույց են տալիս, որ նա ստացել է ձայների մեծամասնությունն այնտեղ, որտեղ մասնակցությունը եղել է քիչ,  իշխանությունների ներկայացուցիչների կեղծիքների մասին հրապարակումներ էլ չեն եղել: Հետաքրքիր է, որ բոլորի աչքի առաջ իրականացրած խախտումների ու «երջանիկ զուգադիպությունների» փաստերով հանդերձ` իշխանությունները չեն խորշում խոսել ազատ ու թափանցիկ ընտրություններից:

Հայաստանը խայտառակելով ու երկրի հեղինակությունը շարունակաբար գցելով հանդերձ` նրանք հենց իրենց են դնում ծիծաղելի վիճակի մեջ, երբ այս եւ այլ դիվանագետների հետ հանդիպումներում խոստանում են մաքուր ընտրություններ, իսկ քվեարկության օրը ապացուցում իրենց խոսքերի` գրոշի արժեք չունենալը: Եվ այս պարագայում բնավ զարմանալի չէ, որ օտարերկրյա դիվանագետները  ոչ հարգում են  նման իշխանություններին, ոչ էլ այն երկիրը, որը սրանք «պատիվ ունեն» ներկայացնելու: Այսքանից հետո մի±թե կարելի է զարմանալ եվրոպացիների վերաբերմունքի, Պուտինի արհամարհանքի ու Նազարբաեւի քամահրանքի փաստերից:

Փաստաթղթի ավարտին Փենինգտոնը հանդես է գալիս ծավալուն մեկնաբանությամբ, որը մեջբերում ենք ամբողջությամբ. «Թվում է` բավականին պատահական է, որ այն ընտրատեղամասերում, որտեղ ՀՀԿ-ն բարձր տոկոսներ է ստացել, այդտեղ քվեարկողներն ավելի շատ են եղել: Հարկ է նկատել, որ այդպիսի մասնակցությունները անհավանականորեն  բարձր են` հատկապես հաշվի առնելով ընտրությունների` քաղաքային լինելու փաստը:

Բավականին լուրջ պատճառներ կան եզրակացնելու, որ ՀՀԿ-ն կենտրոնացրել է իր ընտրական մեքենայությունները կոնկրետ ու թիրախավորված տեղամասերում` ամբողջ Երեւանով մեկ իր ուժերն ու ջանքերը սփռելու փոխարեն: Այսուհանդերձ, մենք երբեք չենք իմանա, թե ՀՀԿ-ն քանի ձայն ունի իրականում եւ որքան է ձեռք բերել կեղծիքների արդյունքում: Մենք, այնուամենայնիվ, չենք կարող հավատալ, որ ՀՀԿ-ն հաղթել է ազատ ընտրությունների արդյունքում ու ստացել է ավելի քան 40 տոկոսը, որ նրան պետք է քաղաքապետի պաշտոնում սեփական թեկնածուին նշանակելու համար: Մենք նաեւ չենք հավատում, որ ՀԱԿ-ը հաղթել է միայն 5 ընտրատեղամասում` հաշվի առնելով այս ուժի` 2008թ. նախագահական ընտրություններում  ունեցած տպավորիչ արդյունքները»:

 

Նժդեհ  Հովսեփյան

 

 

Նժդեհ Հովսեփյան




Լրահոս