ՀԱՑԱԴՈՒԼ «ԱՐԹԻԿ» ՔԿՀ-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շտապբուժօգնության բժիշկ 65-ամյա Աշոտ Գրիգորյանի սպանության գործով դատաքննությունը հերթական անգամ հետաձգվեց: Պատճառն այս անգամ ամբաստանյալի բացակայությունն էր: Արտակ Կարապետյանն «Արթիկ» ՔԿՀ-ում հացադուլ է հայտարարել եւ կարել բերանը` ի նշան բողոքի: Նրա փաստաբան Թամարա Յայլոյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ Արտակ Կարապետյանը հացադուլ է հայտարարել մարտի 7-ից: Նա նաեւ ինքնասպանության փորձ է արել, որը քրեակատարողականի աշխատակիցները կարողացել են կանխել: Հիշեցնենք, որ Արտակ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի երկրորդ մասով` դիտավորյալ սպանություն: «Ես նրա հորից եմ տեղեկացել, որ ինքնասպանության փորձ է կատարել: Հուսահատված է ինքը, մտածում է, որ արդարադատություն չի կարող լինել, քանի որ իր եւ իմ կատարած բոլոր միջնորդությունները մերժվել են: Իմ պաշտպանյալը պահանջում է, որպեսզի դատաքննության վրա ճնշում չգործադրվի,  կրկնակի փորձաքննություններ նշանակվեն, եւ արտաշիրիմում կատարեն: Ահա այս պահանջները բավարարելուց հետո միայն նա նշում է, որ կդադարեցնի հացադուլը»,-հայտնեց Թամարա Յայլոյանը: Ամբաստանյալն ու նրա հարազատները պնդում են, որ բժիշկը ծեծից չի մահացել, այլ առողջական խնդիրներ է ունեցել, իսկ բուժքույրն ինչ-որ ներարկում է կատարել, որն էլ նրա մահվան պատճառ է  դարձել: Սակայն այս պնդումները զայրացնում են բժշկի հարազատներին, որոնք մի քանի անգամ հայտարարել են, որ Աշոտ Գրիգորյանը երբեւէ չի դժգոհել առողջական խնդիրներից: Բժշկի կնոջ` Ջուլիետա Գրիգորյանի փաստաբան Սուսաննա Մխիթարյանը նշում է, որ նմանատիպ քայլերով ամբաստանյալը ցույց է տալիս, որ ինքն անկառավարելի է: Պարզ ասած, ըստ փաստաբանի` նման քայլերով Արտակ Կարապետյանն ավելի շատ վնասում է իրեն եւ փորձում շոուի վերածել դատաքննությունը. «Նրա ձեռնարկած բոլոր միջոցները ձեւական են: Սա հիմնավորում է նրա մեղքը, քանի որ ակնհայտ երեւում է, որ եթե անձն ինքնավնասում է կատարում, իր վրա ձեռք բարձրացնում, ուրեմն դիմացինին եւս կվնասեր: Ես իմ խոսքում էլ կնշեմ եւ այս հանգամանքը մեղադրանքը հիմնավորող ապացույց կհամարեմ»,-շեշտեց Սուսաննա Մխիթարյանը: Նա մտավախություն ունի, որ հնարավոր է` ամբաստանյալը միտումնավոր է նման քայլեր ձեռնարկում, որպեսզի դատարանն անմեղսունակ ճանաչի իրեն: Այս վարկածը մասամբ հաստատում է հացադուլավորի շահերի պաշտպանը. ըստ նրա` եթե պարզ դառնա, որ հանցանք կատարելուց հետո հոգեկան խնդիրներ են առաջացել, ուրեմն Արտակ Կարապետյանը կճանաչվի անմեղսունակ, եւ հարկադիր բուժում կնշանակվի: Չի բացառվում, որ ամբաստանյալի շահերի պաշտպանը միջնորդություն ներկայացնի դատարանին` դատահոգեբուժական կրկնակի փորձաքննություն  նշանակելու վերաբերյալ: Փաստաբանը մեզ փոխանցեց, որ Արտակ Կարապետյանի հետ մարտի 14-ին հանդիպելուց հետո հստակ կորոշի անելիքը. «Եթե նկատեմ, որ նրա հոգեվիճակը փոխվել է, նման միջնորդություն անպայման կներկայացնեմ»:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս