«Ժողովուրդ»-ն արդեն ներկայացրել է, թե ինչ ունեցվածք ունի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Այսօր կներկայացնենք ԱԳ նախարարի տեղակալների կարողությունն ու ֆինանսական աղբյուրները:
Սկսենք Նալբանդյանի տեղակալ Շավարշ Քոչարյանից: Նա հարկային տարվա սկզբում ունեցել է 700 հազար դրամ, որը, տարվա վերջին ավելանալով, դարձել էր 1 մլն 100 հազար դրամ: Բացի այդ` Շ. Քոչարյանն ունի նաեւ 900 եվրո: Մեկ տարվա ընթացքում նա կարողացել է 5 մլն դրամից ավելի գումար վաստակել:
Մյուս տեղակալ Կարեն Նազարյանն ունի 5000 եվրո եւ 60 հազար դոլար: Գույքի հետ կապված ոչ մի տվյալ նա չի ներկայացրել:
ԱԳ նախարարի մեկ այլ տեղակալ՝ Սերգեյ Մանասարյանը, ոչ մի դրամական միջոց, առավելեւս որեւէ տեսակի գույք չի ներկայացրել: Իսկ մեկ տարվա ընթացքում նրա եկամտի միակ աղբյուրը եղել է աշխատավարձը:
Նալբանդյանի չորրորդ տեղակալը` Աշոտ Հովակիմյանն, ունի 4914 եվրո, 1.940.800 դրամ եւ 100 հազար դոլար: Մեկ տարվա ընթացքում նա կարողացել է 7 մլն դրամից ավելի գումար վաստակել: