Արգենտինա այցի ընթացքում պաշտոնական ճաշկերույթի ժամանակ Սերժ Սարգսյանը երեկ դարակազմիկ բաժակաճառ է հնչեցրել: Սովորաբար, պետությունների ղեկավարների պատվին տրվող ճաշկերույթները դիվանագիտական արարողության մաս են կազմում, եւ նման դեպքերում երկրների ղեկավարների բաժակաճառերը ոչ թե սոսկ կենացներ են, բարի ցանկությունների շարան, այլ` իրենց մեջ պարունակում են քաղաքական ուղերձներ: Միայն թե, այն ուղերձները, որ Արգենտինայում հղել է Սերժ Սարգսյանը, մեղմ ասած, տարօրինակ ցանկություններ եւ մտքեր են պարունակել:
Սերժ Սարգսյանը նախ՝ իր պատկերացումներով նկարագրել է Արգենտինան մոտավորապես դպրոցական շարադրության նման: «Մեծ հաճույք է նաեւ գտնվել «բարի քամիների» քաղաքում` տանգոյի համաշխարհային մայրաքաղաք Բուենոս Այրեսում, որն ինքնին լի է այդ պարի ոգով եւ մեղեդիներով»,-ասել է նա, հետո շնորհավորել Արգենտինայի ժողովրդին գալիք տոնի` այդ պետության անկախության օրվա կապակցությամբ:
Այնուհետեւ Սերժ Սարգսյանը խոսել է հայ-արգենտինական բարեկամության մասին, եւ ահա այստեղ էլ տվել է առաջին «կիքսը»: «Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ առկա են համագործակցության մի շարք հեռանկարային ոլորտներ` արդյունաբերություն, գյուղատնտեսություն, տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաներ, առողջապահություն եւ այլն: Այստեղ մենք արդեն ունենք հպարտության արժանի ձեռքբերումներ. Հայաստանում կատարված ներդրումների ծավալով Արգենտինան աշխարհի պետությունների շարքում այսօր զբաղեցնում է երրորդ տեղը»,-ասել է նա: Այստեղ ուշագրավն այն է, որ Հայաստանի պաշտոնական վիճակագրությունն այս առումով միանգամայն այլ պատկեր է ուրվագծում: 2013թ. ընթացքում, նախ՝ Արգենտինան զբաղեցնում է ոչ թե երրորդ, այլ` չորրորդ տեղը` Ֆրանսիայից, Ռուսաստանից եւ Գերմանիայից հետո: Ընդ որում, 2012թ. համեմատ, 2013թ. Արգենտինայից եկած ներդրումները նվազել են 24.5 տոկոսով: 2012թ. ՀՀ-ում Արգենտինան իրականացրել է 51մլն 322 հազար դոլարի ուղղակի ներդրում, իսկ 2013-ին ուղղակի ներդրումների ծավալները կազմել են 12 մլն 605.4 հազար: 2014թ. որոշակի մեթոդաբանական փոփոխություններ են իրականացվել օտարերկրյա ներդրումների հաշվարկման մեջ, եւ այս տարվա հունվար-մարտ ամիսներին ներդրումների ծավալներով Արգենտինան չկա անգամ լավագույն տասնյակի կազմում. նրա անունը գրված է 12-րդը: Բայց պարզվում է, որ Սերժ Սարգսյանի կամ նրան այդ տվյալները հաղորդողի համար Արգենտինան շարունակում է մնալ երրորդ տեղում:
«Եկել է պահը նորովի իմաստավորելու լատինաամերիկյան երկրների հետ Հայաստանի համագործակցությունը: Հայաստանն էլ կարող է կապել Արգենտինան Մաքսային միության եւ ԱՊՀ երկրների հետ»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը: Սա էլ նրա հաջորդ «կիքսը», թեեւ` ՀՀԿ-ականներն, առաջիկայում, ավելի շուտ այն մտքի գլուխգործոց են ներկայացնելու:
Հարցն այն է, որ Ս.Սարգսյանը Արգենտինայի եւ Մաքսային միության մեջ կապող օղակ հանդիսանալու մասին է խոսում այն դեպքում, երբ Հայաստանն ինքը դեռեւս չի անդամակցել ՄՄ-ին: Ավելին՝ այդ կառույցին ՀՀ անդամակցության հարցը պարբերաբար ձգձգվում է` մի շարք հայտնի ու անհայտ պատճառներով: Էլ չենք ասում Մաքսային միության անդամ երկրներից առնվազն Ղազախստանի բացասական վերաբերմունքը ՀՀ հանդեպ ու հետեւողական տորպեդահարումները: Եվ ահա, չնայած այս հանգամանքներին, Սերժ Սարգսյանն իրեն իրավունք է վերապահել ստանձնել միջնորդի դեր Արգենտինայի եւ ՄՄ-ի միջեւ: Այստեղ, թերեւս, տեղին է հիշել «անպոչ գդալի մասին» ժողովրդական խոսքը կամ հայտնի ասացվածքը. «Քաչալը դեղ ունենա, իր գլխին կքսի»: Էլ չենք խոսում այն մասին, թե ինչպե՞ս է նա իրականացնելու այդ գործառույթը` հաշվի առնելով, որ Արգենտինան ու Մաքսային միությունը բոլորովին տարբեր տնտեսական գոտում գտնվող երկրներ են:
Եվ վերջապես՝ Սերժ Սարգսյանը ճաշկերույթի ժամանակ ի ցույց է դրել ֆուտբոլային իր գիտելիքները: «Ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին գտնվելով Բուենոս Այրեսում` չեմ կարող, իհարկե, չհիշատակել` ոչ միայն Արգենտինայում, այլ նաեւ Հայաստանում ամենասիրված այդ մարզաձեւը: Մեր երիտասարդ սերնդի համար Արգենտինան նախ եւ առաջ ֆուտբոլային գերտերություն է, Մարադոնայի եւ Մեսսիի երկիրը: Կարող եմ վստահեցնել, որ Հայաստանի բնակչության զգալի հատվածը երկրպագում է ձեր երկրի հավաքականին, որին ես մաղթում եմ մեծ հաջողություններ»: Այն, որ Արգենտինայի հավաքականը Հայաստանում երկրպագուների հսկայական բանակ ունի, հայտնի փաստ է: Բայց անհասկանալի է` այդ ամենի հետ ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանը, ով ընդամենը օրեր առաջ Հանրային հեռուստատեսության եթերում, երբ խոսում էր Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասին, միանգամայն այլ բան էր պնդում. «Ես տասնամյակներ շարունակ համակրել ու հաճույքով դիտել եմ Բրազիլիայի ու Գերմանիայի հավաքականների խաղերը: Իհարկե, եղել են ժամանակներ, որ առիթը բաց չեմ թողել հիանալու Ֆրանսիայի, Անգլիայի, Իտալիայի, Իսպանիայի խաղերով, բայց, նորից եմ կրկնում, իմ համակրանքը եղել է բրազիլական ու գերմանական ֆուտբոլի կողմը …Ես կցանկանայի, որ չեմպիոն դառնար Գերմանիայի ընտրանին»: Ինչպես նկատեցիք` Արգենտինայի հավաքականի մասին ոչ մի խոսք: Իսկ արդե Բուենոս Այրեսում, Սերժ Սարգսյանը դարձել է Մեսսիի ու Արգենտինայի հավաքականի երկրպագու` մեծ հաջողություններ մաղթելով նրան:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ