ՄԱԽԱԹԸ «ՖԵՅՍԲՈՒՔ»-ՈՒՄ ԹԱՔՑՆՈՂ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ կեսօրին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում խուճապային իրավիճակ էր: «ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած բնակիչները պատմեցին, որ Սոթք եւ Տրետուք համայնքների մոտով Հայաստանի տարածք են մտել ադրբեջանցիներ եւ թունավորել ջրի ակունքները: Դրանից հետո լուրեր են տարածվել, որ Քարվաճառից 14 տարեկան հայ հովիվ է կորել: Եվ այստեղից սկսվեց ողջ զավեշտը՝ ի ցույց դնելով արտակարգ իրավիճակներում որոշ պաշտոնյաների մասնագիտական ունակությունները, որն ամենաակտիվ կերպով դրսեւորվում է «Ֆեյսբուք»-ում գրառումներ անելով: Երբ պաշտոնապես փորձեցինք տեղեկությունը պարզել ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, վերջինս ժամեր շարունակ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Իսկ երբ armlur.am-ը տեղեկություն հրապարակեց այդ մասին, Արծրունը միանգամից հայտնվեց, զանգահարեց խմբագրություն եւ հրամայական տոնով՝ առանց հիմնավոր բացատրության, որ դա մեր երկրի համար վտանգավոր լուր է, պահանջեց կայքից «հանել տեղեկությունը»: Մենք ստիպված եղանք Արծրունին մանրամասնել իր կարգավիճակից բխող որոշ գործառույթներ:

Իսկ ամենացավալին այն էր, որ երեկ ողջ օրվա ընթացքում այդպես էլ խուճապահար վարդենիսցիներին որեւէ պաշտոնյա (թեկուզ տեղական կամ մարզային իշխանության մակարդակով) չբարեհաճեց անձնական օրինակով ցույց տալ, որ պետք չէ խուճապի մատնվել:
Ի դեպ, երեկ Երեւանից ՀՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ Գեղարքունիքի մարզի բնակիչների մոտ դասախոսություն էին կարդում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, եւ ոչ մի խոսք՝ խուճապի մասին:

 
Սերժ Սարգսյանի ինքնաթիռի շահագործումն ու տեխնիկական սպասարկումը, ինչպես պարզեց «Ժողովուրդ»-ը, ՀՀ պետական բյուջեի վրա ահռելի ծախս է նստում: Ըստ 2014թ. փետրվարի 4-ին ՀՀ նախագահի նստավայրի պաշտոնյայի եւ «Էյր Արմենիա» ընկերության միջեւ կնքված պայմանագրի՝ 100 մլն դրամ է փոխանցվել Ա-319 EK RA-01 ինքնաթիռի սպասարկման ծառայությունների համար: Սա ենթադրում է Ս.Սարգսյանի այցերի ծախսերը` ավիասնունդ, վերգետնյա սպասարկման ծառայություններ, ավիավառելիք, կայանման վարձեր, օդաչուների աշխատավարձեր եւ օրապահիկ: Ապրիլի 4-ին կնքված պայմանագրով եւս 100 մլն դրամ է փոխանցվել: Իսկ նույն օրը կնքված մեկ այլ պայմանագրով էլ 100 մլն դրամ տրամադրվել է ինքնաթիռի տեխնիկական սպասարկմանը: Եվ ամսվա վերջին՝ հունիսի 30-ի նոր պայմանագրով հերթական 100 մլն դրամն է փոխանցվել՝ այս անգամ Ս.Սարգսյանի չվերթերի ծախսերի համար: Փաստորեն, մեկ տարվա ընթացքում 400 մլն դրամ կամ մոտ 1մլն ԱՄՆ դոլար է ծախսվել Ս.Սարգսյանի չվերթերի կազմակերպման համար: Իսկ տարին դեռ շարունակվում է:

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հայրենի իշխանությունները մտադիր են ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնում նշանակել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ արդեն տեւական ժամանակ է, ինչ այդ հարցը քննարկվում է իշխանական կուլիսներում: Անգամ ակնարկ է եղել ՀՀ ոստիկանության եւ ԱԱԾ-ի միավորման մասին, որից հետո կարելի է այդ երկու կառույցների ղեկավար նշանակել հենց Բ. Սահակյանին: Թե որքանով են դրանք համապատասխանում իրականությանը, «Ժողովուրդ»-ը փորձեց ճշտել ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանից: Վերջինս մեզ ասաց, որ առաջին անգամ է նման տեղեկություն լսում: Նրա խոսքերով՝ Բակո Սահակյանն այժմ կատարում է ԼՂՀ նախագահի պարտականությունները ու շուրջ 3 տարի ժամանակ կա նրա պաշտոնավարման ավարտին: Մեր զրուցակիցը նաեւ հավելեց, թե չի կարծում, որ Բ. Սահակյանի լիազորությունները վաղաժամ կդադարեցվեն:

 
«Ժառանգություն» կուսակցության անդամների շրջանում օր օրի աճում է դժգոհությունը կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գործելաոճի մասով: «Ժողովուրդ»-ին ԺԿ մի քանի անդամներ պատմեցին, որ Ր. Հովհաննիսյանի երեսը տեսնում են «հեղափոխությունից հեղափոխություն»: Բայց նույնիսկ նրա՝ Հայաստանում գտնվելու ժամանակ իրենց առաջնորդի հետ կուսակցականները շփվում են էլեկտրոնային փոստի միջոցով՝ հնարավորություն չունենալով իրենց հուզող հարցերն անմիջապես քննարկել նրա հետ: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ հավելելով, որ կուսակիցների հետ էլեկտրոնային շփումը վաղուց եղել է Ր. Հովհաննիսյանի աշխատելաոճում: «Ես 2003 թվականի վերջից կուսակցության անդամ եմ, այդ ժամանակվանից մինչեւ հիմա Ր. Հովհաննիսյանը շփվում է մեյլերով: Էդ ո՞նց է՝ մինչեւ 9 տարի որեւէ խնդիր չառաջացավ, եկել է 10-րդ տարին՝ դրա հետ կապված ինչ-որ խնդիրներ առաջացան»,-եզրափակեց Ա. Մարտիրոսյանը:

 




Լրահոս