ՓՈՔՐ ՀԷԿ-ԵՐԸ ԽՆԴԻՐՆԵՐ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունն ընդունում է, որ փոքր հէկ-երը խնդիրներ են ստեղծում: Այս մասին ասված է նախարարության նամակում` ուղղված Համահայկական բնապահպանական ճակատին:
Վերջինիս տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է.
«Ներկա կառավարությունից առայժմ պատասխան ենք ստացել միայն Բնապահպանության նախարարությունից, որտեղ, մասնավորապես, նշված է, որ ՓՀԷԿ-երի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության փուլում կան որոշակի խնդիրներ՝ կապված ներկայացված նախագծերում անհրաժեշտ գիտական եւ օբյեկտիվ հիմնավորումների բացակայության հետ, իսկ շինարարական աշխատանքների ընթացքում հաճախ վնաս է հասցվում բնությանը եւ շրջակա միջավայրին, չեն տեղադրվում ձկների համար նախատեսված ձկնանցարաններ։ Չեն տեղադրվում նաեւ ջրի հոսքը կարգավորող փականներ, ինչի պատճառով չի ապահովվում էկոլոգիական թողքը։ ՀՀ բնապահպանության նախարարությունը որոշ հարցերում համակարծիք է մեզ հետ եւ փոքր հէկ-երի առաջ բերած խնդիրները նվազագույնի հասցնելու համար նախընտրելի է համարում.
– հրաժարվել բնական ջրահոսքերի (գետերի) վրա նոր փոքր հէկ-եր կառուցելու քաղաքականությունից եւ կառուցել դրանք միայն ոռոգման համակարգերի վրա,
– ստեղծված իրավիճակը թելադրում է էկոլոգիական թողքի հաշվարկման նոր մեթոդիկայի մշակման անհրաժեշտություն,
– ձեւավորել մեխանիզմներ բնապահպանական թողքի քանակը կարգավորող ավտոմատ համակարգերի ներդրման համար,
– անհրաժեշտություն է առաջացել վերանայել փոքր հէկ-երի լիցենզիաների տրամադրման ընթացակարգը, ըստ որի՝ կառուցման լիցենզիա պետք է տրամադրվի հէկ-ի նախագծային փաթեթի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն ստանալուց հետո:
Համահայկական բնապահպանական ճակատը կոչ է անում Հայաստանի Հանրապետության կառավարությանը խոսքերից անցնել գործնական քայլերի եւ բոլոր շահագրգիռ պետական, մասնավոր ու հանրային շերտերի հետ քննարկման արդյունքում հստակ միջոցառումներ ձեռնարկել փոքր հէկ-երի ոլորտում իրականացվող քաղաքականության վերանայման ուղղությամբ, քանի որ այլընտրանքային էներգետիկայի այս տեսակի նման զարգացումը արդեն առաջ է բերել լուրջ խնդիրներ։
ԲԼԹ
09.07.2014թ. «Ժողովուրդ» օրաթերթի 4-րդ էջում հրապարակված «Բլթ» շարքում կա անճշտություն: Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքի փոխարեն ներկայացված է հրավիրված կողմի խոսքը: Տեղի ունեցած թյուրիմացության համար հայցում ենք ընթերցողների ներողամտությունը:
ՏՐԱՆՍՖԵՐ 22 ՄԼՆ ԵՎՐՈՅՈՎ
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Ալվարո Մորատան առաջիկա օրերին Թուրինի «Յուվենթուս» կտեղափոխվի:
Ակումբներն արդեն համաձայնեցրել են ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը, որը 22 մլն եվրո կկազմի: «Արքայական ակումբ»-ը պահանջել է ֆուտբոլիստի պայմանագրում կետ ավելացնել, համաձայն որի՝ կարող է վերադարձնել նրան 33 մլն եվրոյի դիմաց:
Ընթացիկ շաբաթ Մորատան Իտալիա կմեկնի` թուրինցիների հետ 4-ամյա պայմանագիր ստորագրելու նպատակով:
ԽԱՅՏԱՌԱԿՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
Երեկ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հյուրընկալող Բրազիլիայում կայացել է ամենագոլառատ հանդիպումներից մեկը, որի շրջանակներում Գերմանիայի ազգային հավաքականը 7։1 հաշվով ջախջախել է բրազիլացիներին։
Twitter սոցկայքում այս թեմայով35.6 մլն թվիթ է արվել՝ Բրազիլիայի պարտությունը դարձնելով սոցկայքի պատմության մեջ ամենաշատ քննարկված մարզական իրադարձությունը։
Հավելենք, որ բրազիլական կայքերն ու պարբերականները համակարծիք են այն հարցում, որ խաղի հաշիվը ստորացումների ստորացումն էր իրենց երկրի համար։
Հիշեցնենք, որ այժմ բաղձալի գավաթի համար պայքարում է 3 երկիր՝ Գերմանիան, Հոլանդիան եւ Արգենտինան:
ՄԵԿՆԵՑԻՆ ՍԵՐԲԻԱ
Երեկ բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնեց Սերբիա, որտեղ կմասնակցի Նովի Սադ անվանումը կրող միջազգային մրցաշարին:
Վազգեն Բադալյանի գլխավորությամբ մրցավայր է մեկնել 9 մարզիկ.
49 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Ալեն Դանիելյանը, 52-ում Դավիթ Ասատրյանը: 56 կգ քաշային կարգում ռինգ դուրս կգա Սպարտակ Թամարյանը:
64 եւ 69 կգ քաշային կարգերում մեր երկրի պատիվը կպաշտպանեն համապատասխանաբար Արմեն Մխիթարյանն ու Տիգրան Մելքոնյանը: 81կգ քաշային կարգում ռինգ դուրս կգա երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը, 91-ում Սերյոժա Հակոբյանը, իսկ գերծանր քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Գնել Մուրադյանը:
Սերբիայում ռինգ դուրս կգա նաեւ հայկական բռնցքամարտի պատմության մեջ գեղեցիկ սեռի միակ աշխարհի չեմպիոնուհին՝ Անուշ Գրիգորյանը, ով հանդես կգա 51 կգ քաշային կարգում: