Շատերն էին սպասում, որ նկարիչ Հաղթանակ Շահումյանը, որն արդեն քանի տարի սուր քննադատության է ենթարկում Հայաստանի նկարիչների միության (ՀՆՄ) եւ հատկապես դրա նախագահի գործունեությունը, ՀՆՄ նախագահի պաշտոնում կառաջադրի իր թեկնածությունը երեկ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացած միության համագումարում։ Բայց դա տեղի չունեցավ։ Առաջադրվեց նախագահի հինգ թեկնածու՝ Կարեն Աղամյան, Ռոբերտ Այվազյան, Արմեն Աթանյան, Խաչատուր Ազիզյան եւ Համլետ Ասատրյան։ Վերջին երկուսն անմիջապես ինքնաբացարկ հայտնեցին, եւ մնաց երեք թեկնածու։
Ամեն դեպքում, Հաղթանակ Շահումյանը ելույթ ունեցավ՝ առաջարկելով ներդնել եռանախագահների ինստիտուտը, որպեսզի միության աշխատանքները միանձնյա չղեկավարվեն, դրանք դառնան ավելի թափանցիկ ու վերահսկելի: Սակայն այդ առաջարկը չընդունվեց, ավելի ճիշտ՝ նույնիսկ չքվեարկվեց։ Եվ Հ. Շահումյանը լքեց համագումարը։
Այդ կապակցությամբ «Ժողովուրդ»-ը մի քանի հարց ուղղեց Հաղթանակ Շահումյանին:
-Ինչո՞ւ չառաջադրեցիք Ձեր թեկնածությունը։
-Իմ նպատակը միության առողջացման, այն միության անդամներին եւ հանրությանն օգտակար դարձնելու խնդիրն է եղել։ Ես որեւիցե մեկի հետ անձնական խնդիրներ չունեմ, իսկ եթե ունենամ, դա համագումարի ժամանակ չեմ բարձրացնի. նման հարցեր լուծելու համար այլ համապատասխան տեղեր կան։ Բայց եթե տեսնում եմ, որ մարդիկ պատրաստ չեն կամ չեն գիտակցում եւ թույլ են տալիս, որ իրենց օգտագործեն, ես նման բաների մեջ չեմ սիրում խառնվել։ Ոմանք ասում են, թե համագումարից, ելույթից առաջ ինչու կոնսուլտացիաներ չես արել։ Ինչո՞ւ պետք է անեմ. թող իրենք կողմնորոշվեն։
-Իսկ գործող նախագահից բացի՝ մյուս թեկնածուներից որեւէ մեկը, ըստ Ձեզ, անելիք ու ասելիք ունի՞։
-Հնարավոր է, որ ունեն. ես նրանց աշխատանքի մեջ չեմ տեսել:
-Եռանախագահների` Ձեր առաջարկած համակարգն ի՞նչ կարող էր փոխել միության աշխատանքում:
-Նախ՝ այս ընտրական կեղծիքները կհաղթահարվեին, որոնք արդեն մտել են մեր արյան մեջ։ Բացի այդ՝ միության գործունեությունը կվերահսկվեր, որովհետեւ անպայման այդ երեքն իրարամերժ մարդիկ կլինեին, որոնք կփորձեին գոնե թույլ չտալ, որ կեղծիքներ լինեին։
-Հիմա Դուք լքո՞ւմ եք համագումարը։
-Այո՛. թողնում գնում եմ, որովհետեւ հասկացա, որ պատին բռունցքով խփելը ոչինչ չի տա, որովհետեւ մարդկանց մոտ բանականությունը քնել է։
Հ.Գ. Երեկ՝ երեկոյան ավարտված ՀՀ ՆՄ համագումարում 319 ձայնով վերընտրվեց միության գործող նախագահ Կարեն Աղամյանը:
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ