Ինչպես հայտնել էինք, երեկ ժամը 11:30-ին, Կոտայքի մարզի Ակունք գյուղի Պողոս-Պետրոս եկեղեցու մոտ սպանություն է տեղի ունեցել:
34-ամյա Ավգուստի Աբրոյանը բութ գործիքով հարվածել է 1955 թ. ծնված Ֆիրդուս Մուրադյանի գլխի հետնամասին, ինչի հետևանքով Մուրադյանը տեղում մահացել է:
Armlur.am-ի հետ զրույցում Ակունքի գյուղապետ Հունան Ռուբենյանը հայտնեց, որ Ֆիրդուս Մուրադյանը հնեաբան էր, ով Ավգուստի Աբրոյանի կազմակերպության պատվերով իր աշխատանքային խմբի հետ միասին մոտ երկու ամիս հետազոտական աշխատանքներ էր իրականացնում Պողոս-Պետրոս եկեղեցու տարածքում:
Համայնքապետը հայտնեց, որ եկեղեցու քահանան էր իրականացրել պայմանագրային գործարքները, և հայտնեց, որ ինքը հստակ չգիտի` վճարովի են եղել, թե ոչ:
«Աշխատանքների կատարման ժամանակ այդ տղան եկել է այնտեղ, վիճաբանություն է տեղի ունեցել, ու արդյունքում սպանվել է: Նրանցից ոչ ոք մեր համայնքի անդամ չեն, Երևանի բնակիչներ են»,- ասաց Ռուբենյանը` հավելելով, որ առայժմ սպանության պատճառի միակ վարկածը հնեաբանական աշխատանքների շուրջ առաջացած վեճն է եղել:
Ի դեպ, Ակունքի համայնքապետը տեղեկացրեց, որ Ավգուստի Աբրոյանը ՀՀ Մշակույթի նախարարության պատմամշակութային արժեքների պահպանության բաժնի աշխատակից է:
Ոստիկանությունից Armlur.am-ին հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն): Ավգուստին Աբրոյանը ձերբակալված է, նախաքննությունը շարունակվում է:
Տաթև Հարությունյան