Գյուղնախարարն ընդունել է Վերակառուցման եվրոպական բանկի պատվիրակությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) երևանյան գրասենյակի տնօրեն Մարկ Դեյվիսի գլխավորած պատվիրակությանը:

Հյուրերի խնդրանքով նախարարը հակիրճ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ներկա վիճակը, ոլորտի հիմնախնդիրները և դրանց լուծմանն ուղղված քայլերը:

Պարոն Դեյվիսն իր հերթին ներկայացրել է բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերն ու ռազմավարական այն հիմնական ուղղությունները, որոնք նպատակ ունեն ընդլայնել ֆինանսական հատվածի զարգացումն ու հասանելիությունը, ագրոբիզնեսի և բարձր շահութաբերություն ունեցող, ինչպես նաև իր արտադրանքի արտահանմանը ձգտող արդյունաբերական ընկերությունների զարգացումը:

ՎԶԵԲ-ի կողմից գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը ներկայացրեց նաև բանկի լոնդոնյան գրասենյակի ագրոբիզնեսի թիմի ղեկավար տիկին Վիկտորիա Զինչուկը, որի ներկայացմամբ 2011 թվականից իրականացվում է սննդամթերքի անվտանգության կարողությունների կատարելագործման նախաձեռնությունը, որի նպատակը պետական և մասնավոր հատվածների մերձեցումն է և այդ ճանապարհով ներդրումների ավելացումը: Համագործակցությունը, ըստ նրա, իրագործվում է ինչպես դոնորների դրամաշնորհների, այնպես էլ բանկի կողմից տրամադրված վարկերի միջոցով:

Բանկը խրախուսում է նաև արտադրական տարբեր բնույթի միավորումների (կաթի, մսի, հացահատիկի) ստեղծումը գյուղատնտեսության ոլորտում:

Հանդիպման ընթացքում Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանն անհրաժեշտ ռազմավարական ուղղությունների շարքում նախարար Սերգո Կարապետյանն անդրադարձել է նաև գյուղատնտեսական հողատարածքների խոշորացմանը, գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծմանը, ապահովագրական համակարգի ներդրմանը, խորհրդատվական ծառայություների բարելավմանը, ինչպես նաև վերամշակող արդյունաբերության արդիականացմանն ու ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը:

ՎԶԵԲ-ի ներկայացուցիչները լավատեսությամբ են արտահայտվել նշված ուղղություններով համագործակցելու վերաբերյալ և պատրաստակամություն հայտնել հանգամանորեն ուսումնասիրել ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից ներկայացված առաջարկությունները:




Լրահոս