ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՖՐԱՆԿՈՖՈՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի` Կանադայում այս օրերին տեղի ունեցող նիստին հայկական պատվիրակությունը մասնակցում է խիստ ուշագրավ կազմով: Յոթհոգանոց պատվիրակությունից Կանադա են մեկնել ՀՀԿ-ից՝ Ֆրանկոֆոնիայի հանձնաժողովի նախագահ Մարգարիտ Եսայանն ու Մնացական Մնացականյանը, ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանը: Բայց եթե Եսայանն ու Ռուստամյանը համարվում են ակտիվ պատգամավորներ, ապա անհասկանալի է Մնացական Մնացականյանի ներկայությունը, մանավանդ որ նա համարվում է ամենապասիվ պատգամավորներից մեկը, ում ձայնը խորհրդարանում անհիշելի ժամանակներից չի հնչել: Ի դեպ, հետաքրքիր է նաեւ պատվիրակության օրակարգը: Կանադայում ՀՀ դեսպանատունը հանդիպում է կազմակերպել հայ համայնքի ու պատգամավորների միջեւ, ըստ ԱԳն հաղորդագրության. «Պաշտոնական ընդունելության ժամանակ ներկաները հնարավորություն են ունեցել անմիջականորեն շփվել պատվիրակության անդամների հետ»: Փաստորեն, յուրաքանչյուր պատգամավորի համար, ինչպես պարզեց «Ժողովուրդ»-ը, ՀՀ պետական բյուջեից ավելի քան 5 հազար ԱՄՆ դոլար է ծախսվել, ու չգիտես` ինչի համար:

ԱՌԵԼ-ԹՌԵԼ Է

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` «ԱրմենՏել» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Նա կասկածվում է 10-15 մլրդ դրամի ֆինանսական չարաշահումների մեջ: Հիշեցնենք՝ 2009-ի ապրիլից ընկերության ղեկավարությունը ստանձնած Ի. Կլիմկոն 2013-ի սկզբին անսպասելիորեն ազատվեց աշխատանքից` չսպասելով անգամ իր աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտին եւ շտապ լքեց Հայաստանը: ԱԱԾ լրատվական ծառայությունը հաստատել է այս տեղեկությունը` նշելով, որ քրգործը գտնվում է ԱԱԾ վարույթում:

ԴԱՏԱՎՃԻՌԸ ՀՐԱՊԱՐԱԿՎԵՑ

Երեկ, ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կայացավ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի դեմ մահափորձի գործով դատավճիռը: Հիշեցնենք, որ 2013թ. դեկտեմբերի 29-ին Վ. Բալասանյանի դեմ տեղի ունեցած մահափորձի կատարման համար մեղադրանք է առաջադրված Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Արա Ավետյանին եւ Սերգեյ Միքայելյանին, որոնց նկատմամբ դատախազը համապատասխանաբար պահանջել է 12 եւ 10 տարվա ազատազրկում: Դատարանը որոշեց Ա. Ավետյանին դատապարտել 11, Ս. Միքայելյանին՝ 9 տարվա ազատազրկման:

ԳՆԴԱԿՈԾԵԼ ԵՆ

Հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերը ադրբեջանական զինուժը կրակ է բացել Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ եւ 4 ժամ շարունակ կրակի տակ պահել ամբողջ գյուղը: Այս մասին NEWS.am-ին փոխանցել է Չինարիի համայնքապետ Սամվել Սաղոյանը. «Կրակոցներ են եղել մինչեւ գիշերը ժամը 1:30-ը: Թեթեւակի վնասներ են` տանիք, պատուհան, սառնարան: Ժողովուրդը սովորել է, պաշտպանվում են: Գիշերային ժամերին լույսերն անջատում ենք, մի տեղ պատսպարվում»:




Լրահոս