Օրերս կայացավ «Դար 21» երաժշտական հեռուստաալիքի ամենամյա մրցանակաբաշխությունը, որի հաղթողներին ընտրեցին երգիչ-երգչուհիները, շոու բիզնեսի անցուդարձին հետեւողները եւ հանրային դեմքերը բաց քվեարկությամբ: «Տարվա երգչուհի» անվանակարգում հաղթող ճանաչվեց Քրիստինե Պեպելյանը։ «Ժողովուրդ»-ը նախ շնորհավորեց երգչուհուն, ապա մի քանի հարց ուղղեց նրան։
-Դուք սպասո՞ւմ էիք այդ մրցանակին։
-Զգացված եմ շնորհավորանքների համար։ Նոմինացված յուրաքանչյուր մասնակից, իհարկե, սպասում էր այս մրցանակին, քանի որ բոլորն էլ աշխատել են եւ արժանի են: Շատ հաճելի է ստանալ մրցանակ, որը գնահատականի պես մի բան է: Ի դեպ, այն պահին, երբ հայտարարում էին իմ անունը, մեր սեղանի մոտ չկային տեսախցիկներ, ու դա էր անսպասելին ինձ համար։ Բանն այն է, որ մի քանի մրցանակակիրների սեղանների մոտ (նրանց անուններն էլ նախապես հայտարարված չէին) տեսախցիկներ կային, որոնք արձանագրեցին նրանց ռեակցիաները։ Ու քանի որ, ինչպես արդեն ասացի, մեր սեղանի մոտ չկար որեւէ տեսախցիկ, ես չէի մտածում, որ մրցանակը ես եմ ստանալու, ենթադրում էի, որ մեկ ուրիշ սեղանի շուրջ նստած այլ թեկնածու կստանա։ Այսինքն՝ այդ իմաստով անսպասելի էր, եւ ես շատ էի ուրախացել։
-Ըստ Ձեզ՝ մրցանակաբաշխությունն անաչա՞ռ էր։
-Մենք գնացել եւ քվեարկել ենք այս կամ այն թեկնածուի համար, հետո էլ հանդիսատեսն է իր ձայնը տվել, եւ հենց այդ ձայների արդյունքում կատարվեց ընտրությունը, այսինքն՝ որեւէ կողմնապահություն դժվար թե եղած լինի։ Այստեղ չկար ոչ օբյեկտիվ լինելու որեւէ տարբերակ, որովհետեւ բոլորս էլ աշխատել ենք տարվա ընթացքում, եւ ամեն մեկն էլ ստեղծագործական առումով իր ներդրումն է ունեցել։
-Դուք տեղյա՞կ եք՝ արդյոք կայացավ «Սիրո մեղեդի» խորագրով համերգը, որին Դուք եւ նախօրոք հայտարարված երգիչ-երգչուհիները՝ Լիանան, Սոնա Շահգելդյանը, Մհերը, Մարտին Մկրտչյանը, հրաժարվել էին մասնակցել։ Կազմակերպիչները փորձե՞լ են կապվել Ձեզ հետ։
-Որեւէ կապ չի եղել, բայց նրանց համերգի անմիջապես հաջորդ օրը՝ դեկտեմբերի 2-ին, մասնակցել եմ հաշմանդամներին նվիրված իրոք բարեգործական համերգի։ Եվ հենց այդ ժամանակ տեղեկացա, որ դեկտեմբերի 1-ին նրանց համերգը կայացել է, որին նախօրոք հայտարարված երգիչ-երգչուհիներից մասնակցել է միայն Սոֆի Մխեյանը, ելույթ են ունեցել նաեւ այլ երգիչ-երգչուհիներ։ Համերգն էլ, ինչպես նախատեսված էր, վարել է Աշոտ Ղազարյանը։
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ