ԳՈՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության երեկվա նիստը վարում էր շատ անտրամադիր: Վերջինիս ձայնը խռպոտված էր, եւ ակնհայտ էր, որ վարչապետը լավ «մրսած» է: Ու թերեւս ոչ լավ ինքնազգացողության պատճառով էլ Տ. Սարգսյանը երեկվա նիստը վարում էր «արագացված կարգով»: Ի դեպ, նիստին երկար բացակայությունից հետո մասնակցում էր ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար Գորիկ Հակոբյանը, որը լրագրողներին ասաց, թե իր առողջական վիճակը շատ լավ է:

Երեկվա նիստում հայտարարվեց, որ Ամանորի նախաշեմին կառավարության անդամները կայցելեն զորամասեր: Այդ նպատակով կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանին հանձնարարվեց կազմել նախարարների այցելությունների գրաֆիկը: «Մենք կպատրաստենք այդ ցուցակը եւ կայցելենք զինծառայողներին: Մնում է պարզել, երբ եւ որ զորամասերն են ավելի հարմար այցելելու համար»,-նշեց վարչապետը:
Այնուհետեւ ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը հայտարարեց, որ Հայաստանում էթիլային ու թունդ ալկոհոլային սպիրտ արտադրողներին տրամադրվող լիցենզիայի ժամկետը 30 օրից նվազեցվել եւ հասցվել է 23-ի: Որոշումը չի վերաբերում 220870 մաքսային դասակարգմամբ լիկյորներին ու 220890 կարգի մինչեւ 9 տոկոս խտության ալկոհոլային ըմպելիքներին, ինչպես նաեւ 2208 կարգի քառասուն տոկոսից ավել խտությամբ մրգային-հատապտուղային գինիներին:
Իսկ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ասաց, թե իրենք մերժում են ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի (Ա. Մովսիսյանը Փոստանջյանի փոխարեն հայտարարեց Բոստանջյան) առաջարկած ««Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որով նախատեսվում էր ձկների ձվադրման, ինչպես նաեւ մանրաձկան ձեւավորման եւ զարգացման փուլում կասեցնել գործող հէկ-երի աշխատանքը:
Նախարարի հիմնավորմամբ` քանի որ մանրաձկան ձեւավորման եւ զարգացման փուլը շարունակվող գործընթաց է, իրականում հէկ-երի աշխատանքը փաստացի ոչ թե կկասեցվի, այլ կդադարեցվի. «Սա հղի է լուրջ փոխհատուցման խնդրով, քանի որ կլոր տարին պետք է հիդրոէլեկտրակայանները չաշխատեն»: Մովսիսյանը նկատեց նաեւ, որ Սեւանի ու ձկնապաշարների խնդիրը բնապահպանության նախարարության գործառույթն է, եւ առաջարկեց, որ այդ խնդրով զբաղվի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Նիստի ավարտից հետո լրագրողները փորձեցին երկար ժամանակ Գերմանիայում բուժում ստացած ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանից ճշտել, թե ինչպես է ներկայումս նրա առողջական վիճակը: Գ. Հակոբյանը, սակայն, բավականին տարօրինակ ձեւով արձագանքեց՝ «սպառնալով», թե լավ է:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս