ՕՐԻՆԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
«Երեւան ջուր» ՓԲԸ-ն հայտնվել է իրավապահների ուշադրության ներքո: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Երեւան ջուր»-ի լիազոր ներկայացուցիչ Սամվել Ավետիսյանը ՊԵԿ-ի կողմից տուգանվել է` ՓԲԸ անունով 4.2 մլն դրամ մաքսային արժեքով 13 մետաղյա տակառ ներմուծելու եւ վերաարտահանելու ժամանակ մաքսային արժեքը սխալ հայտարարագրելու համար: 4.2 մլն դրամ արժողությամբ ապրանքը նա հայտարարագրել է որպես 587 հազար դրամ: Սակայն Սամվել Ավետիսյանի նկատմամբ ոչ թե քրեական գործ է հարուցվել, այլ նյութեր նախապատրաստելուց հետո գործը «ջրվել է», ու նա տուգանվել է Մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածը խախտելու համար` սխալ հայտարարագրված ապրանքի մաքսային արժեքի չափով:
Փաստորեն, բավական չէ` «Երեւան ջուր»-ն այս ոլորտում մենաշնորհ ունի, բավական չէ` բարձր որակի ծառայություններ չի մատուցում բնակիչներին, հիմա էլ այս ընկերության աշխատակիցները զբաղված են մաքսային ռեժիմը խախտելով:
ԳԱՂՏՆԻ ԵՆ ՊԱՀՈՒՄ
ՕԵԿ խմբակցության «նորանշանակ պատգամավոր» Լեւոն Դոխոլյանը` Քույրիկ Լեւոնը, թեեւ արդեն մեկ ամիս է` ԱԺ պատգամավոր է, սակայն խորհրդարանի պաշտոնական կայքում չի հրապարակում իր կենսագրությունը: Այնինչ նրա կենսագրության շատ դրվագներ պետք է որ հետաքրքրեն հասարակությանը. օրինակ` ինչո՞վ է զբաղվել նա չափահաս դառնալուց հետո` 1996թ. սկսած, եւ այսօր ո՞ր արժանիքի համար է նա մանդատ ստացել: Եթե, իհարկե, չհաշվենք այն «արժանիքը», որ նա ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի քրոջ փեսան է:
ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է
«Մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում. տարվա ամփոփում» խորագրով «Մեդիա կենտրոն»-ում կայացած երեկվա քննարկմանը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշել է, որ 2013թ. միայն 9 ամսվա տվյալներով լրագրողների նկատմամբ բռնությունների թիվն աճել է ամբողջ 2012-ի ցուցանիշի համեմատ: Այս տարվա ինն ամիսներին գրանցվել է 7 դեպք նախորդ ողջ տարվա 4 դեպքի դիմաց: Բացի այդ՝ 2013թ. 9 ամսում արձանագրվել է լրագրողներին ճնշելու 49 դեպք, մինչդեռ ամբողջ 2012թ.-ին այդ ցուցանիշը 37 էր: Իսկ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հ/կ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանն էլ, անդրադառնալով բանակում տեղի ունեցող հանցագործություններին, նշել է. «Այն, թե քննչական ծառայությունն ինչպես է կատարում նախաքննություն, ուղղակի սարսափելի է: Վկաներին ամիսներով ռազմական ոստիկանությունում պահում են անազատության մեջ: Երբ վկան դատարանում հայտարարում է, որ ճնշումներ են եղել, մեղադրողը հենց դատարանում կարող է սպառնալ վկային»: