Երեկ վթարի ենթարկված Malaysia Airlines ավիաընկերության «Boeing 777» ինքնաթիռում եղել է 298 ուղևոր, այդ թվում՝ 3 երեխա և անձնակազմի 15 անդամ: Նրանք բոլորը զոհվել են: 121 զոհվածի մարմիններն արդեն գտնվել են. հայտնում է РИА Новости-ն: Նախկինում հաղորդվել էր 280 ուղևորի մասին, որոնց թվում՝ 80 երեխա:
Ամստերդամից Կուալա Լումպուր ուղևորվող ինքնաթիռը վթարվել էր 16:30-ի սահմաններում Ուկրաինայի Դոնեցկի մարզում: Նրա բեկորները հայտնաբերվել են Ռուսաստանի սահմանից 52 կմ հեռավորության վրա:
Օդանավի կործանման պատճառները դեռևս հայտնի չեն: Ուկրաինական հակամարտող կողմերը պատրաստակամություն էին հայտնում հումանիտար զինադադար հայտարարել՝ վթարի պատճառների հետաքննությանը չխանգարելու համար:
«Boeing 777»-ը, ամենայն հավանականությամբ, կործանվել էր ռմբակոծության պատճառով: Ռուսական կողմը մեղադրում է պաշտոնական Կիևին: ՌԴ հանրային հեռուստատեսության տեղեկատվության համաձայն՝ ականատեսները վթարից առաջ երկնքում երկու ինքնաթիռ են տեսել:
Ուկրաինան, իր հերթին, մեղադրում է անջատողականներին: Ինչպես հայտարարել է երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն, ինքնաթիռը ռմբակոծվել է հրթիռային «Բուկ» համակարգից: Սակայն ռուսական կողմն ու ուկրաինական գրոհայինները պնդում են, որ նրանք «Բուկ» կամ «Ս-300» համակարգեր չունեն, իսկ այլ զինատեսակներից 10 կմ բարձրության վրա ընթացող ինքաթիռը կործանել հնարավոր չէ: