ՓԱԿ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հանրապետական կուսակցության Շիրակի մարզային խորհուրդը երեկ նիստ էր գումարել, որը փակ, գաղտնի էր լրագրողների համար: Նիստի մասին նրանցից որեւէ մեկը չէր էլ իմանա, եթե քաղաքում ոստիկանների տարօրինակ ակտիվություն չլիներ:
Ավանդաբար, երբ մայրաքաղաքից Գյումրի են ժամանում բարձրաստիճան պաշտոնյաներ, ճանապարհային ոստիկանները զգալի ակտիվանում են: Հայտնի է, որ նիստը գլխավորել են Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը եւ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Նրանք մեկ հարկի տակ են հավաքել մարզի բոլոր հանրապետականներին` Գյումրու քաղաքապետ, Հանրապետական կուսակցության մարզային խորհրդի ղեկավար Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ: Հասկանալի է, որ քննարկումը նվիրված է եղել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Ուշագրավն այն է, որ նիստին մասնակցել են նաեւ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը եւ փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը: Հարկ է նշել, որ երբ Շիրակի մարզպետ նշանակվեց Աշոտ Գիզիրյանը, եւ  լրագրողները հարցրին, թե արդյոք նրան նշանակել են, որպեսզի մարզում ամրապնդի ՀՀԿ դիրքերը, Աշոտ Գիզիրյանը հպարտորեն շեշտեց, թե ինքն անկուսակցական է, եւ որ իր առաջ նման խնդիր չկա դրված: Հետաքրքիր է, թե այդ դեպքում Հանրապետական կուսակցության կազմակերպած քննարկմանն ինչ էր անում անկուսակցական Աշոտ Գիզիրյանը` այն էլ աշխատանքային ժամին, ինչու է ակտիվորեն մասնակցում  Հանրապետական կուսակցության քարոզարշավին (վառ օրինակ` վերջերս վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցած հանդիպումը), ավելին, մասնակցում է ոչ թե որպես ունկնդիր, այլ ակտիվ կազմակերպիչ: Հիշեցնենք, որ այդ հանդիպմանը մեկ մարդու նման մասնակցեցին Շիրակի մարզի համայնքապետերը, անգամ նրանք, ովքեր այլ կուսակցության ներկայացուցիչ են:
Անդրադառնալով կուսակցության մարզային գրասենյակում տեղի ունեցած քննարկմանը` նշենք, որ մարզի հանրապետականները կոնկրետ հանձնարարականներ են ստացել, որոշել, թե ինչպես են աշխատելու ընտրությունների ժամանակ, քանի գրասենյակ են բացելու Գյումրիում եւ այլն: Մի քանի օրից տեղի հանրապետականները հստակ ներկայացնելու են` հանձնարարականները կատարել են, թե ոչ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս