ՀԱՐՑ. Ես թերթի խմբագրության սկսնակ աշխատող եմ եւ ուզում եմ իմանալ` եթե լրագրողն առանց նախազգուշացնելու ձայնագրում է զրուցակցին, եւ հետո այդ ձայնագրության հիման վրա գրված նյութը դատական գործի պատճառ է դառնում, ապա այդ ձայնագրությունը` որպես ապացույց, կարելի՞ է օգտագործել:
ՊԱՏԱՍԽԱՆ. Նախ` կարեւոր եմ համարում հիշեցնել, որ չի կարելի ձայնագրություն անել առանց մարդուն տեղյակ պահելու, քանի որ դա մարդու իրավունքների ոտնահարում, կյանքի անձեռնմխելիության խախտում կարելի է համարել: Երբեմն լրագրողները մոռանում են կամ ուղղակի չեն ուզում ասել, որ գաղտնի ձայնագրում են: Այդ գաղտնի արված ձայնագրությունները դատական գործընթացի ժամանակ կարելի է օգտագործել այն դեպքում, երբ դրանք հարկավոր են ի շահ հասարակության բարօրության եւ պետական անվտանգության:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ոչ միայն տարօրինակ, այլեւ լրիվ անհասկանալի է, թե այդ ինչպես կարող է լրագրողի ձայնագրությունը վտանգել զրուցակցի կյանքի անվտանգությունը: Երեւի թե միայն էթիկայի տեսակետից այնքան էլ գեղեցիկ չէ, երբ զրուցակիցը տեղյակ չէ, որ իր խոսքը ձայնագրվում է: Պակաս ուշագրավ չէ նաեւ գնահատականը, թե այդ ինչպես է դատական գործընթացի ժամանակ որոշվելու` ձայնագրությունն ի շահ հասարակության բարօրության եւ պետական անվտանգության է, թե ոչ: