Եհովայի վկաները բազմանում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւան քաղաքում  տարատեսակ  կրոնական ուղղությունների հետեւորդների թիվն ավելանում է: Հատկապես բազմանում են  Եհովայի վկաները: Տեղեկություն ունեինք, որ Երեւանից ժամանած Եհովայի վկա մի կին  աշխատում է  քաղաքի կենտրոնական՝ Շատրվանների հրապարակին հարակից մանկական  սրճարանում: Ցանկանում էինք հանդիպել նրան, զրուցել:

Այցելեցինք հիշյալ սրճարան, սակայն պարզվեց, որ  կինը տեղափոխվել է Իջեւանի մեկ այլ սրճարան: «Ժողովուրդ»- ը եղավ  այդ  սրճարանում, ուր 40 տարեկան Քրիստինե Իվանյանը մատուցողուհի է աշխատում: Նա մասնագիտությամբ բժիշկ է, թերապեւտ, նաեւ յուրացրել է վարսահարդարի մասնագիտությունը: Քիչ  անց ժամանեց Քրիստինեի ամուսինը` Ֆելիքսը, ով մասնագիտությամբ նկարիչ է: Քրիստինեն   սիրալիր էր, պատրաստակամ էր զրուցում, իսկ Ֆելիքսը մի տեսակ  անվստահությամբ էր վերաբերվում: Ամուսիններն ասացին, որ իրենք երեխա չունեն, Իջեւանում վարձով են բնակվում:

Պարզվեց, որ Քրիստինեն  կարդացել է Եհովայի վկաների մասին մեր   հոդվածները, նա ժպտալով ասաց, որ այդ  հրապարակումներն իրենց համար լավ գովազդ են, դրանք մարդկանց մեջ հետաքրքրություն են առաջացնում Եհովայի վկաների հանդեպ: Նա հայտնեց, որ  կրոնական այդ ուղղության անդամների թիվն Իջեւանում ավելանում է եւ ներկայում հատել է երեք տասնյակը: Ըստ Քրիստինեի` իրենց 30 հոգանոց խմբում գրեթե բոլորը տեղացի են,  Երեւանից ժամանածները քիչ են: Նկատենք, որ այդ   թիվը կասկածահարույց է, մեր տվյալներով` Իջեւանում Եհովայի վկաներն ավելի շատ են:  Ի դեպ, Եհովայի վկաներն Ադրբեջանում արգելված կրոնական հոսանք են, նրանց  ձերբակալում են:

Քրիստինեին հարցրեցինք՝ եթե  Տավուշի  սահմանագոտում ավելանա Եհովայի վկաների թիվը,  ադրբեջանական ագրեսիայի դեպքում ո՞վ է պաշտպանելու հայրենիքը` հաշվի առնելով այն, որ  Եհովայի վկաները հրաժարվում են զենք վերցնել: Նա ասաց, որ երբ բոլորը դառնան Եհովայի վկաներ, այդ դեպքում կտիրի Եհովայի կամքը:  Նշենք, որ ակնառու էին  այդ կնոջ հաղորդակցական  ունակությունները,  սիրալիր ժպիտը: Եհովայի վկաների  կողմից մարդկանց տներն այցելելը, նրանց  դարդ ու ցավին ունկնդիր լինելը նպաստում են, որ կրոնական այդ ուղղության  հետեւորդների շարքերը ստվերանան:

Մինչդեռ Հայ առաքելական եկեղեցու գործունեությունը  Տավուշի մարզում,  այդ թվում՝ Իջեւանում,  հիմնականում արտահայտվում է կրոնական տարբեր  տոներ  եւ ծեսեր կատարելով:  Այդ ծեսերն էլ բնակիչների համար  որոշակի գումար արժեն: Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի ստորագրությամբ եւ կնիքով այս տարեսկզբից Իջեւանի Սուրբ Ներսես Շնորհալի  եկեղեցում փակցվել էր հայտարարություն, որը ծանուցում էր՝ կնունքի արարողության սակագինը 20 հազար դրամ է, պսակադրությանը՝ 40հազար:

Իջեւանցիների բողոքից, նաեւ «Ժողովուրդ»-ի հրապարակումներից հետո, ապրիլի 17-ին  եկեղեցու պատից   հայտարարությունը հանվեց: Այն, սակայն, շատ վատ նստվածք թողեց   եւ խաթարեց  Իջեւանում  Հայ առաքելական եկեղեցու հեղինակությանը: Իսկ սուրբ տեղը դատարկ չի մնում, շատ իջեւանցիների  հոգիներում այդ տեղը զբաղեցնում են  կրոնական տարբեր ուղղություններ՝ այդ թվում՝ Եհովայի վկաները:

Ոսկան Սարգսյան

Տավուշ




Լրահոս