Եթովպիայի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Սերժ Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահի մամլո գրասենյակից armlur.am -ին հայտնում են, որ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կասահուն Դենդեր Մելիսին (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Ընդգծելով, որ Եթովպիան Աֆրիկյան մայրցամաքում այն երկրներից է, որի հետ Հայաստանը դարերի խորքից եկող բարեկամություն ունի՝ Հանրապետության ղեկավարը նշել է, որ այդ պատմական հիշողության վրա հիմնված երկու ժողովուրդների հարաբերությունները խորացնելու և ամրապնդելու լավ հիմքեր ունեն: Սերժ Սարգսյանը կարևորել է տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու և հայ-եթովպիական քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու նպատակով իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտի ստեղծման ուղղությամբ աշխատանքը: Երկուստեք գոհունակությամբ է արձանագրվել միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը:Դեսպան Կասահուն Դենդեր Մելիսի խոսքով, հայերը Եթովպիայում դարեր շարունակ նպաստել են երկրի բարեկեցությանը, գիտության ու տեխնոլոգիաների զարգացմանը, և նրանց նկատմամբ եթովպիացիների վերաբերմունքը շատ ջերմ է: Եթովպիայի կառավարությունը, դեսպանի հավաստմամբ, շահագրգիռ է Հայաստանի Հանրապետության հետ զարգացնել հարաբերությունները: 




Լրահոս