2014թ. հունվարի 23-ին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի փոփոխությունների նախագծին, ըստ որի` ապրիլի 1-ից մի խումբ ապրանքներ, այդ թվում կաթնամթերքի մի շարք տեսակներ պետք է պարտադիր դրոշմակնքվեն: Նշենք, որ նախորդ տարվա հուլիսին դրոշմակնքվեցին նաեւ գարեջուրն ու ոչ ալկոհոլային խմիչքները: Նախագծի ընդունման դեպքում սպասվում է, որ դրա հետեւանքով կթանկանա կաթնամթերքը: Իսկ թե ինչ վիճակ է հիմա այդ ոլորտում, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել`զրուցելով «Իգիթ» պանրի արտադրությամբ զբաղվող ընկերության ֆինանսների գծով փոխտնօրեն Ֆերդինանտ Հայրապետյանի հետ:
-Արտադրատեսակների դրոշմակնքումը կոնկրետ ի՞նչ խնդիրներ է առաջացնելու ընկերության համար:
-Այս նախագիծը սահմանված է այնպիսի արտադրատեսակների նկատմամբ, որոնց պահպանման ժամկետը երկար է: Իսկ մենք պահանջում ենք, որպեսզի նկատի ունենան, որ կաթնամթերքի պահպանման ժամկետը 5 կամ 7 օր է եւ նախագծի որոշ դրույթներ համապատասխանեցնեն ընդունման կարգի ժամկետների հետ: Օրինակ՝ զովացուցիչ ըմպելիքը կարող է մի քանի ամսվա ժամկետ ունենալ, իսկ կաթնամթերքինը կարճ է:
-Իսկ այդ դրոշմակնիքը ձեռք բերելու համար ընկերությունը լրացուցիչ ծախս է անում:
-Գումարը վճարում ենք, բայց դա հաշվանցվում է հարկային պարտավորությունների մեջ: Ձեռնարկությունը դրանից չի տուժում: Ապրանքի ինքնարժեքի վրա այն դեր չի խաղում: Դու կարող ես գարեջուրը, զովացուցիչ ըմպելիքը հետ ընդունելու ժամանակ բերել արտադրամաս եւ 15 օր անց ընկերություն հրավիրել հարկային տեսչությունից աշխատակցի, ով կակտավորի ապրանքատեսակը: Բայց կաթնամթերքի նկատմամբ դա չես կարող անել, որովհետեւ դրա վերադարձից հետո կան որոշ տեսակներ, որոնք կարող են ծառայել որպես հումք: Իսկ 15 օր չես կարող սպասել, որովհետեւ ակտավորելուց հետո այն արդեն կփչանա:
-Փաստորեն, այս նախագիծը առաջացնում է թղթատարության հետ կապված մեծ խնդիրներ:
-Այս նախագիծը հետեւյալն է առաջարկում. ենթադրենք՝ թաղային խանութ է եւ վաճառքի համար ստանում է 10 թթվասեր, որից երկու հատը չի վաճառվի եւ հաստատ հետ կգա: Բայց մեկ-երկու հատ թթվասերի համար մեր ընկերության աշխատակիցը պետք է կազմի ընդունման- հանձնման ակտ: Մինչդեռ դրանից առաջ մենք արդեն հաշիվ ապրանքագիրն էլեկտրոնային տարբերակով ուղարկել ենք: Նշեմ, որ հանձնման պահին հանձնման փաստաթուղթ է պետք, այդ դեպքում մենք նախորդ ուղարկված հաշիվ ապրանքագիրը պետք է անվավեր ճանաչենք եւ տասը հատ թթվասերը դարձնենք 8-ը: Այն էլ՝ դեռ պետք է սպասենք, որ հանձնաժողովը տա իր եզրակացությունը, որ իրոք երկու թթվասերը հետ է եկել: Իրենք չեն պատկերացնում, թե այդ թղթատարությունն ինչ բարդություններ է առաջացնում մեզ համար:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ