Հույս ունենք` նախագահները կընդունեն Փարիզում հանդիպելու հրավերը. Ջ. Ուորլիք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հույս ունեն, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կընդունեն Փարիզում հանդիպելու առաջարկը: Ադրբեջանական АПА գործակալությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը` պատասխանելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ նման առաջարկությանը վերաբերող հարցին:

«Երբ նոյեմբերին նախագահները հանդիպեցին Վիեննայում, բոլորս վկա եղանք, որ առաջընթաց հնարավոր է: Մենք հավատում ենք, որ այդ քննարկումների շարունակությունը խաղաղությանն ուղղված կարևոր քայլ կդառնա: Համանախագահները պատրաստ են աջակցել ցանկացած կերպ», – ասել է Ուորլիքը:

Նրա խոսքով` ԱՄՆ-ն ու Մինսկի խումբը պատրաստ են օգնել կողմերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: «Ռազմական լուծում գոյություն չունի: Համանախագահները ցանկանում են Բրյուսելում հանդիպել նախարարներ Է. Մամեդյարովի և Էդ. Նալբանդյանի հետ՝ հետագա քայլերը քննարկելու համար», -ասել է ամերիկացի համանախագահը:




Լրահոս