Կարևորն այն է, թե ով է կրակել առաջինը. «Շեկոյին» սպանողը դատապարտվեց 17 տարվա ազատազրկման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի Գյումրու նստավայրում ընթերցվեց նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորոդու` 24-ամյա Վահե Ղուկասյանի դատավճիռը` դատավոր Աշոտ Մանուկյանի նախագահությամբ:

Վահե Ղուկասյանը դատապարտվեց 17 տարվա ազատազրկման` ՀՀ ՔՕ 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով (հանցափորձ, սպանություն), 104 հոդվածի 1-ին մասով (սպանությունը` շատերի համար վտանգավոր եղանակով) եւ 235 հոդվածի 1-ին (ապօրինի զենք կրելը) հատկանիշներով: Իսկ մեղադրող Ա.Շիրոյանը միջնորդել էր Վ.Ղուկասյանին դատապարտել 22 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ Վահե Ղուկասյանը մեղադրվում էր Արտյոմ Կարապետյանի՝ («Շեկո») սպանության մեջ:

Վահե Ղուկասյանն իրեն մեղավոր է ճանաչել և ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը:

Ինչպես Armlur.am-ի հետ զրույցում հայտնեց Վ.Ղուկասյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը, իրեն միանշանակ առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը բողոքարկելու են ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան: Փաստաբանի փոխանցմամբ` որքան էլ իր պաշտպանյալն ընդունած լինի իրեն առաջադրված մեղադրանքը, այնուամենայնիվ կան մի շարք այլ նրբություններ:

«Այստեղ հարց է, թե ով է կրակել առաջինը, ով՝ երկրորդը: Քանի որ կա պաշտպանական ֆունկցիան: Այսինքն` սպանված Կարապետյանը կարող էր առաջինը կրակել Վահե Ղուկասյանի վրա, իսկ վերջինս ինքնապաշտպանություն դրսևորելու հետևանքով սպաներ Կարապետյանին»,- պարզաբանեց պաշտպանը:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2013թ. ապրիլի 23-ին։ Գյումրիի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել «Քավոր Հարութը» եւ «Շեկոն», վերջինս հիվանդանոցում մահացել էր: Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրու բաժնում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ 24-ամյա Վահե Ղուկասյանը, խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:




Լրահոս