Երեկ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Օրինաց երկիր» կուսակցությունը տոնեց հիմնադրման 15-ամյակը: Միջոցառումն իր ներկայությամբ պատվեց նաեւ Սերժ Սարգսյանը: Մարդիկ սկզբում մեծ ոգեւորությամբ մտնում էին դահլիճ, քանի որ չգիտեին, թե ինչ է սպասվում: Երբ սկսվեց ՕԵԿ հիմնադիր Արթուր Բաղդասարյանի ողջույնի խոսքը, որն ավելի շատ նախընտրական քարոզչություն էր հիշեցնում, ներկաները ձանձրույթից հոգոց էին հանում եւ հորանջում: Ելույթ ունեցավ նաեւ Սերժ Սարգսյանը` ՕԵԿ-ին գովերգող խոսքեր շռայլելով: Իսկ Արթուր Բաղդասարյանը պաթոսով հայտարարեց, թե ՕԵԿ-ն այսօր Հայաստանի քաղաքական դաշտի ամենաամուր եւ ամենակայացած կառույցն է, որն ունի 160 հազար անդամ: Ինչպե՞ս է ՕԵԿ-ը մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին, եւ ո՞րն է լինելու նրանց հիմնական կարգախոսը: Այս հարցերի պատասխանները եւս Արթուր Բաղդասարյանը տվեց` կոչով դիմելով ներկաներին. «Վստահե՛ք եւ պահանջե՛ք, հավատացե՛ք եւ պահանջե՛ք»: Թեեւ հասարակությունը բուռն ծափահարում էր, բայց նկատվում էր, որ նրանք անհամբեր սպասում էին, թե երբ է պաշտոնական մասն ավարտվելու, որպեսզի սկսվի համերգը: Սակայն համերգը եւս շատերին առանձնապես չհետաքրքրեց: Միջոցառման կեսից մարդիկ դուրս էին գալիս դահլիճից եւ այս ու այն կողմ նայելով` հեռանում: Երեկ հրապարակվեցին նաեւ ՕԵԿ համամասնական ընտրացուցակի առաջին 15 հորիզոնականները զբաղեցրածների անունները. 1. Արթուր Բաղդասարյան, 2. Հեղինե Բիշարյան, 3. Արմեն Երիցյան` ԱԻՆ նախարար, 4. Սերգո Կարապետյան` գյուղնախարար, 5. Նելսոն Զուրոյան, 6. Դիանա Նիազյան` Հայաստանում ԱՄՆ-ի առեւտրա-արդյունաբերական պալատի տնօրեն, 7. Մանուկ Վարդանյան` ՏԿ նախարար, 8. Դավիթ Կարապետյան` ՊՆ խոսնակ, 9. Խաչիկ Հարությունյան` ԱԺ պատգամավոր, 10. Նատալյա Ադամյան, 11. Մհեր Շահգելդյան, 12. Հովհաննես Մարգարյան` ԱԺ պատգամավոր, 13. Սամվել Թադեւոսյան (Վերահսկիչ պալատի առաջին վարչության պետ, լամինատի խոշոր ներկրող Հայաստանում), 14. Իշխան Խաչատրյան` ԱԺ պատգամավոր, 15. Տիգրան Ղալեչյան: Իսկ մեծամասնական ընտրակարգով ՕԵԿ-ը կպաշտպանի այս թեկնածուներին. Էդուարդ Մադաթյան (Խուճուճ Էդո), Կարեն Բոթոյան (Շինանյութի Սերգեյի փեսան) Արմեն Հարությունյան, Հունան Պետրոսյան, Ալբերտ Այվազյան, Արթուր Միսակյան, Դեզի Հովհաննիսյան, Վահե Վարդապետյան, Հայկ Հովհաննիսյան: Անուններն ընթերցելուց հետո ՕԵԿ-ականները սկսեցին բեմի վրա քոչարի պարել, ապա Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ այս խորհրդարանական ընտրությունները պատվով հաղթահարելուց հետո ունեն նաեւ մի նոր ընտրարշավ եւ 2013-ի նախագահական ընտրությունները, որի ընթացքում զորակցելու են Սերժ Սարգսյանին: Հ.Գ. Ուշագրավ է, որ ՕԵԿ-ից այլեւս պատգամավոր չեն դառնա Խաչիկ Պետրոսյանը (ԱԱԾ նախկին պետ Կառլոս Պետրոսյանի եղբորորդին) եւ Սերգեյ Աբրահամյանը (Արա Աբրահամյանի եղբայրը), որոնք ավանդաբար մանդատ են ստացել ՕԵԿ-ի միջոցով: Հիշեցնենք, որ ՕԵԿ-ն այսօրվա խորհրդարանում ունի 8 մանդատ: