Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել հանրային տրանսպորտի ուղեվարձի առնչությամբ, որում ասված է.
«Թերևս հարկ չէր լինի անդրադառնալ Երևանի ավագանին ներկայացնող մի խմբակցության անդամի հայտարարությանը, որը հրապարակավ հրաժարվել է մասնակցել հանրային տրանսպորտի ուղեվարձի քննարկման հանձնաժողովի աշխատանքներին և, բնականաբար, տեղյակ էլ չէ քննարկումների արդյունքներին, սակայն, հաշվի առնելով, որ արված հայտարարությունները նպատակ ունեն շփոթություն և ապատեղեկատվություն տարածելու երևանցիների շրջանում, արձագանքելով՝ տրամադրում ենք իրականությանը համապատասխանող տեղեկատվությունը:
Նախ՝ հիշեցնենք, որ Երևան քաղաքի հանրային տրանսպորտի ուղեվարձի քննարկման նպատակով Երևանի քաղաքապետի որոշմամբ ձևավորված հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվել են բաց և թափանցիկ, իսկ արդյունքները հրապարակվել են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում: Հանձնաժողովի վերջին նիստի ժամանակ, որին, ի դեպ, ներկա է գտնվել նաև Երևանի ավագանու «Բա´րև, Երևան» խմբակցության ղեկավարը, հրավիրված միջազգային խորհրդատուի կողմից հրապարակվեցին ուսումնասիրության արդյունքները, որոնք նույնպես տեղադրվել են պաշտոնական կայքում: Հաշվի առնելով առաջարկված ուղևորավարձի բարձր ցուցանիշները՝ շահագրգիռ բոլոր անձանց հրապարակայնորեն առաջարկվեց ներկայացնել մոտեցումներ և առաջարկներ՝ հաշվարկված ծախսերը նվազեցնելու և ընդունելի ցուցանիշներ ձևավորելու համար: Ու չնայած հրապարակայնորեն արված այդ առաջարկին, մասնավորապես, «Բա´րև, Երևան» խմբակցության և ոչ մի անդամի կողմից մինչ օրս միջազգային խորհրդատուի կողմից ներկայացված ցուցանիշները նվազեցնելու ուղղությամբ որևէ առաջարկ կամ մոտեցում չի ներկայացվել:
Ավելորդ չենք համարում նաև նշել, որ ներկայում աշխատանքներ են տարվում հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված առաջարկներն ամփոփելու, ինչպես նաև՝ խորհրդատուների հետ միասին սոցիալապես խոցելի խմբերի խնդիրը կարգավորելուն ուղղված մոտեցումներ ձևավորելու ուղղությամբ: Խորհրդատուների կողմից աշխատանքներն ամփոփելուց հետո կհրավիրվի հանձնաժողովի նիստ՝ արդյունքները քննարկելու համար:
Այս ամենով հանդերձ առնվազն՝ տարօրինակ է, որ, հանձնաժողովի կողմից ուղեվարձի վերաբերյալ վերջնական որևէ առաջարկ դեռևս չձևավորված, Երևանի ավագանու «Բա´րև, Երևան» խմբակցության անդամը եզրակացություններ, հայտարարություններ և կոչեր է անում, այն էլ ո´չ թե ավագանու անդամի համար նախատեսված հարթակից, որն է Երևանի ավագանու նիստի շրջանակը, որտեղ նրան հաստատապես կտրվեր համարժեք և սպառիչ պատասխան, այլ օգտվում է այնպիսի հարթակից, որտեղից հնարավոր է, բնակչությանը հուզող կարևորագույն հարցերից մեկն արծարծելով, էժան դիվիդենտներ շահել:
Սույնը հաշվի առնելով՝ մեկ անգամ ևս տեղեկացնում ենք, մասնավորապես, Երևանի ավագանու անդամին և, ընդհանրապես, բոլորին, որ հանձնաժողովի աշխատանքները դեռևս ավարտված չեն, և եթե անգամ ա՛յս փուլում առկա են այլ հաշվարկներ, հիմնավորումներ և կամ փաստարկված մոտեցումներ, ապա առաջարկում ենք դրանք կամ ներկայացնել հանձնաժողովին, կամ, առնվազն, հրապարակել: Այլապես ուղեվարձի վերաբերյալ ցանկալիի դաշտից մերկապարանոց հանդես գալն, առնվազն, դիտվում է որպես էժան պոպուլիզմ:
Ինչ վերաբերում է տարբերակված ուղեվարձի մասին շահարկվող հարցին, ապա մեկ անգամ ևս տեղեկացնում ենք, որ հանրային տրանսպորտի ուղեվարձի քննարկման նպատակով ձևավորված հանձնաժողովի նախագահի կողմից հստակորեն նշվել է, որ դա սոցիալապես խոցելի խմբերի խնդիրը կարգավորելու մոտեցումներից ընդամենը մեկն է, որը, ինչպեսև բոլոր մյուս մոտեցումները, այս պահին գտնվում է միջազգային խորհրդատուի կողմից ուսումնասիրման փուլում: Եվ որպեսզի տվյալ մոտեցումը ոմանց կողմից չդիտվի որպես հասարակության տրամադրությունների ուսումնասիրման (զոնդաժի) նպատակով դաշտ նետված խայծ, Երևանի ավագանու «Բա´րև, Երևան» խմբակցության սրտացավ անդամին հրապարակավ առաջարկում ենք ներկայացնել հարցի կարգավորման, մասնավորապես, իր մոտեցումները՝ հիմնավորված հաշվարկներով:
Ամփոփելով՝ հույս հայտնենք, որ հարցի վերաբերյալ հասարակության առաջ իրապես շահագրգիռ և սրտացավ ներկայանալու փորձեր կատարողները, այդուամենայնիվ, խոսքի դաշտից ի վերջո կտեղափոխվեն գործի դաշտ, ինչը հաստատապես կողջունվի մեր կողմից»: