Քաշաթաղի հյուսիսային մասում ականի պայթյունի հետևանքով վիրավորված Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն ու մյուս երկու վիրավորները դեռևս կմնան վերակենդանացման բաժանմունքում:
Այս մասին Armlur.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից:
Երեկ երեկոյան վիրահատել են Գառնիկ Ավետիսյանի սրունքը, և ինչպես տեղեկացրել են բժիշկները, վիրահատությունը հաջող է անցել:
Վիրահատվել է Ռուբեն Խլղաթյանի ձեռքի ճկույթը, հեռացվել է ճկույթի ֆալանգի մի մասը, մյուս մասն էլ վերականգնվել է: Ձեռքի իրավիճակը բարելավվել է, բայց դեռ պահպանվում է գանգուղեղային վնասվածքը, որովհետև կա ուղեղի վնասվածքով պայմանավորված արյունազեղում:
Բժիշկներն այս պահին հիվանդների` Ռուբեն Խլղաթյանի, Արթուր Բաղդասարյանի և Գառնիկ Ավետիսյանի վիճակը գնահատում են բավարար:
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան Քաշաթաղի հյուսիսային հատվածում` ճանապարհի վրա, ավտոմեքենան պայթել է ականապատ տարածքում, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է, իսկ 3-ը ստացել են մարմնական վնասվածքներ: Վիրավորների թվում է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: Վիրավորներն այս պահին գտնվում են Էրեբունի ԲԿ-ում: