ԿՄՆԱ ՄԻԱՅՆ ԷՐԻՎԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի` մշակույթի նախարարությանը մոտ կանգնած աղբյուրների տեղեկություններով, ըստ ամենայնի, հաջորդ տարի իրականություն կդառնա ՀՀ մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելու կառավարության նախագիծը։

Իհարկե, այդ քայլը թե՛ նախարար Հասմիկ Պողոսյանի, թե՛ նախարարության գրեթե բոլոր աշխատակիցների սրտով չէ։ Եվ դա պատահական չէ. շատերի համար աշխատանքի գնալն ընդամենը ութ ժամ գլորել է նշանակում կամ, ինչպես հենց նախարարության աշխատակիցներից ոմանք են նշում, կանանց համար հիմնականում ընտանեկան հոգսերից, սկեսուրից, հարսից կամ ամուսնուց հանգստանալու միջոց։ Եվ նրանք աշխատավայրում պարզապես գերակատարում են սոցիալական ցանցերում «ակտիվ աշխատելու» իրենց պլանները։
Ու հենց այդ համատեքստում թերեւս պետք չէ զարմանալի համարել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամ Կարինե Աճեմյանի արձագանքը հնարավոր տեղափոխության վերաբերյալ հարցին։ Պատասխանելով «ԳԱԼԱ TV»-ի լրագրողի հարցին, թե ինչպես է վերաբերվում մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելու գաղափարին, պատգամավորը մասնավորապես պատասխանել է. «Ես դեմ եմ այս որոշմանը, ընդհանրապես մշակույթը շատ քաղաքային երեւույթ է… Ինքս համարում եմ, որ մշակույթն այն ոլորտն է, որը պետք է լինի քաղաքում` կենտրոնում»: Սա մեզ հիշեցրեց լուսահոգի վանաձորցի գեղանկարիչ Խաչիկ Ղարաբեկյանի խոսքը. «Մարդ որտեղ ապրում, ստեղծագործում է, այդ վայրն էլ աշխարհի կենտրոնն է»։ Եվ քանի որ ԱԺ պատգամավորը «ստեղծագործում է» ԱԺ շենքում` հիմնականում կառավարության ներկայացրած օրենքները դակելով, նրա համար Հայաստանի կենտրոնն ԱԺ շենքն է, մայրաքաղաքի տարբեր օբյեկտները, միակ քաղաքն էլ Երեւանն է։ Դե, եթե նման խորհրդարան, նման պատգամավորներ ունենք, շուտով Հայաստանից կմնա միայն Երեւանը, ավելի ճիշտ, ինչպես մեր մեծ եղբայրն էր ասում՝ Էրիվանը։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս