Պետբյուջեից 116 մլն դրամ հափշտակելու մեջ մեղադրվողների գործը դատարանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ պետական բյուջեից գումարների յուրացման վերաբերյալ գործը («դատական կարգադրիչներ»)` 13 անձի մասով, մակագրվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին։

Առաջին դատական նիստի օրը դեռևս չի նշվում:

«ՀՀ Դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանին առաջադրված մեղադրանքի համաձայն՝ նա հիշյալ պաշտոնն զբաղեցնելու ընթացքում տևական ժամանակ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու նպատակով  հիմնարկի առանձնացված ստորաբաժանման՝ Դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանի առաջարկությամբ` վերջինիս և նույն հիմնարկի մի խումբ պաշտոնատար անձանց` պետի տեղակալներ Գեղամ Գրիգորյանի, Գագիկ Խաչատրյանի, վերահսկողության բաժնի պետ Եղիազար Սարգսյանի, ֆինանսաբյուջետային բաժնի պետ-գլխավոր հաշվապահ Սաթենիկ Հովհաննիսյանի, անձնակազմի կառավարման բաժնի պետ Նարեկ Գասպարյանի, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Մերուժան Կյուրեղյանի, Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Բագրատ Արիկյանցի, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Արման Փալիկյանի, Կենտրոնական մարմնի ստորաբաժանման պետ Արմեն Ավագյանի և պաշտոնատար անձ չհանդիսացող պահեստապետ Յուրա Մուշկիդյանովի հետ միավորմամբ ստեղծել են կայուն խումբ, կատարել համապատասխան դերաբաշխում և իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով, 2009 թվականի օգոստոսից մինչև 2013 թվականի օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում հափշտակել են «ՀՀ Դատական դեպարտամենտ» հիմնարկին ՀՀ պետական բյուջեից որպես աշխատավարձ և դրամական այլ բավարարարումներ հատկացված առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 115.782.033 ՀՀ դրամը:

Բացի այդ, Միսակ Մարտիրոսյանը նույն հիմնարկի անձնակազմի կառավարման վարչության պետ Անգին Ղուկասյանի հետ նախնական համաձայությամբ անձամբ և վերջինիս միջոցով որպես կաշառք ստացել է տարբեր չափերի գումարներ:

«ՀՀ Դատական դեպարտամենտի» ղեկավարի տեղակալ Արմեն Մովսիսյանը  մեղադրվում է նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, մասնավորապես՝ կազմակերպված խմբի կողմից հափշտակությունը քողարկելու նպատակով իր ստորագրությամբ հաստատել է խմբի անդամների և խմբի անդամներ չհանդիսացող աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող տեղեկագիրը:

Դատական կարգադրիչների ծառայության պետի առաջին տեղակալ Գեղամ Գրիգորյանը եւս մեղադրվում է նաև «կազմակերպված խմբի կողմից հափշտակությունը քողարկելու նպատակով Դատական կարգադրիչների ծառայության շենքում պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. նա իր ստորագրությամբ հաստատել է խմբի անդամների և խմբի անդամներ չհանդիսացող աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող տեղեկագրերը», ինչպես նաև այն բանի համար, որ «դրդել է նաև կազմակերպված խմբի անդամ չհանդիսացող ստորաբաժանման պետերին կատարել պաշտոնեական կեղծիք, այն է՝ նշված տեղեկագրերում մտցնել փաստացի ծառայություն չիրականացնող անձանց տվյալներ»:

Գեղամ Գրիգորյանը խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի` 1.206.330 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու դիտավորությամբ, ըստ մեղադրանքի, Մերուժան Կյուրեղյանին դրդել է վերջինիս կողմից կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքին ընթացք չտալու համար իր միջոցով պաշտոնատար անձին կաշառք տալ և 2010 թվականի ապրիլ ամսին ստանալով նշված գումարը` խարդախության եղանակով հափշտակել է այն:

Դատական կարգադրիչների ծառայության անձնակազմի կառավարման բաժնի պետ Նարեկ Գասպարյանը մեղադրվում է «կազմակերպված խմբի կողմից հափշտակությունը քողարկելու նպատակով Դատական կարգադրիչների ծառայության շենքում պաշտոնական կեղծիք կատարելու, իր ստորագրությամբ խմբի անդամների և խմբի անդամներ չհանդիսացող աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող տեղեկագրերը հաստատելու մեջ»:

Դատական կարգադրիչների ծառայության Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Բագրատ Արիկյանցը, Դատական կարգադրիչների ծառայության ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Արման Փալիկյանը և Դատական կարգադրիչների ծառայության Կենտրոնական մարմնի ստորաբաժանման պետ Արմեն Ավագյանը մեղադրվում են նաև այն բանի համար, որ «Գեղամ  Գրիգորյանի ցուցումով` կազմակերպված խմբի կողմից հափշտակությունը քողարկելու նպատակով, նույն դատարանի շենքում, պաշտոնեական կեղծիքների միջոցով, իր ղեկավարած ստորաբաժանման աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ տեղեկագրերում ընդգրկել են նաև փաստացի ծառայություն չիրականացնող անձանց, որից հետո հաստատել են իրենց ստորագրությամբ վերը նշված տեղեկագրերն ու դրանք ներկայացրել անձնակազմի կառավարման բաժին»:

Իսկ Անգին Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախնական համաձայնության գալով «ՀՀ  Դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի հետ, 2010 թվականի հուլիս և նոյեմբեր ամիսների ընթացքում Արմեն Պետրոսյանին և Միքայել Ստեփանյանին նույն հիմնարկում աշխատանքի ընդունելու համար ստացել են խոշոր չափերի կաշառք:




Լրահոս