ԱՐՏԱՔԻՆ ՁԱԽՈՂՈՒՄՆԵՐԻ ՇԱՐԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013 թվականը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ կմնա իրար հաջորդող ձախողումների տարի: Ընդ որում, ձախողումներ գրանցվեցին ոչ միայն ներքաղաքական, այլեւ արտաքին քաղաքականության բնագավառում, եւ այսօր Սերժ Սարգսյանի քայլերի արդյունքում միջազգային հանրության մոտ Հայաստանը ձեռք է բերել անվստահելի գործընկերոջ համբավ:

Բաց, բաց, բաց արա՛
Շատերը կհիշեն, թե Սերժ Սարգսյանը 2008թ. սկսած ինչպիսի ջերմեռանդությամբ էր բռնել եվրաինտեգրացիայի ուղին, իսկ վերջին 3.5 տարիներին ԱԳ փոխնախարարի մակարդակով ակտիվորեն բանակցում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի, ինչպես նաեւ` Խորը, ազատ եւ համապարփակ առեւտրի գոտու պայմանագրի տեքստի շուրջ: Սպասվում էր, որ 2013թ. նա կստորագրի համաձայնագրերը: Առավել եւս, երբ նախագահական ընտրությունների ողջ ընթացքում Սարգսյանը համոզում էր` ՀՀ ապագան եվրոպական ընտանիքում է: Մարտի 18-ի իր ասուլիսում նա վստահեցնում էր. «Մենք մեկին չենք խոստանում, որ վաղը վազելով գալու ենք ու հետո գնում մյուսին ասում` ո՛չ, ձեզ մոտ ենք գալիս: Այդպիսի մարդիկ քաղաքականության մեջ շատ կարճ կյանք են ունեցել… Խորը, ազատ եւ համապարփակ առեւտրի գոտու պայմանագիրը գրեթե ավարտելու վրա ենք, եւ տա Աստված մեզ կարողություն, որպեսզի այս տարի ավարտենք եւ ստորագրենք: Եթե չեմ սխալվում, այս շաբաթվա ընթացքում Երեւան է ժամանելու Եվրամիության պատվիրակությունը, որպեսզի ավարտենք Ասոցացման համաձայնագրի մնացած ընդամենը մեկ գլուխը»: Ավելին, այդ օրը Ս.Սագսյանը նաեւ վստահեցրել էր. «Մի հավատացեք բոլոր այն մարդկանց, հանդես գան նրանք լրատվամիջոցներում, թե հանրահավաքներում, խոհանոցներում, թե թատրոններում, միեւնույն է, մի հավատացեք նրանց, ովքեր ասում են, որ ռուսները մեզ պարտադրում են դառնալ Մաքսային միության անդամ: Չկա այդպիսի բան: Որքա՞ն կարելի է կրկնել: Մենք հակառակը կարող ենք ասել` ՄՄ անդամները դեռեւս ցանկություն չունեն որեւէ մեկին ներգրավելու, գոնե մեր մասով ես չեմ տեսել այդպիսի ցանկություն»:

Back in the USSR
Սեպտեմբերի 3-ին, սակայն, Սերժ Սարգսյանը կտրուկ շրջադարձ կատարեց` իր անակնկալ հայտարարություններով շոկի մեջ գցելով ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, այլեւ միջազգային հանրությանը: Մինչ Երեւանում ՀՀԿ-ականները պնդում էին, թե Հայաստանը ԵՄ-ի հետ կստորագրի Ասոցացման համաձայնագիրը, Ս. Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարեց` Հայաստանը որոշել է անդամակցել Մաքսային միությանը: Մինչ եվրոպացի պաշտոնյաները փորձում էին իշխանություններից պարզել` ինչ է կատարվել, ինչ է լինելու գրեթե ամբողջությամբ ստորագրելու պատրաստ Ասոցացման համաձայնագրի հետագա ճակատագիրը, բացահայտվեց մեկ այլ սկանդալ. պարզվում է` ՄՄ-ին անդամակցելու որոշում իշխանությունները կայացրել էին շատ ավելի վաղ` 2012թ. աշնանը, բայց որոշումը պահել էին խիստ գաղտնի: Ասել է թե՝ մի կողմից ԵՄ-ի հետ նրանք բանակցություններ էին վարել Ասոցացման համաձայնագրի տեքստի շուրջ, մյուս կողմից եվրոպացիների թիկունքում բանակցել ռուսների հետ: Ու այդ ամենը նա արել էր նախագահական ընտրություններում կատարելիք ընտրակեղծիքները մարսելու եւ սեփական աթոռը պահելու համար:
Արդյունքը եղավ այն, որ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ նրան անվանել էր անվստահելի գործընկեր, իսկ հետո նույն խոսքերը կրկնել լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ:
Իհարկե, նոյեմբերին Սերժ Սարգսյանը մեկնեց Վիլնյուս, մասնակցեց Արեւելյան գործընկերության երկրների գագաթնաժողովին, բայց այնտեղ ոչ թե ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը նախաստորագրեց, այլ ընդամենը ստորագրեց բարի ցանկությունների շարան հիշեցնող մի հայտարարություն` ԵՄ-ի հետ համագործակցությունը շարունակելու մասին: Իսկ այդ հայտարարությունը ստորագրվեց ոչ այնքան ՀՀ իշխանությունների, որքան ԵՄ-ի դեմքը փրկելու համար, որպեսզի չստացվեր, թե 4 տարի շարունակ իրենց «քթից ման ածելուց հետո» Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանությունները «քցեցին» իրենց:

 

Երբ անառակ որդու նման…
ՄՄ-ին անդամակցելու մասին Ս. Սարգսյանի որոշումը հայ-ռուսական հարաբերությունների խորացման փոխարեն, ընդհակառակը, ավելի սրեց իրավիճակը՝ նույնիսկ Հայաստանում հակառուսական տրամադրությունների տեղիք տալով: Սա հատկապես Վլ. Պուտինի` Հայաստան այցից եւ հատկապես գազային համաձայնագրերի ստորագրումից հետո: Պարզվեց` ՌԴ-ն Հայաստանին վերաբերվում է ոչ թե հավասարը հավասարին, ոչ թե որպես ռազմավարական գործընկերոջ, այլ որպես իր վասալի, ռուսական մարզերից մեկի: Պատահական չէ, որ ռուս պաշտոնյաները ՀՀ-ն համեմատեցին Կալինինգրադի մարզի հետ, Երեւանում բարձրացրին ռուսաց լեզվին հատուկ կարգավիճակ տալու հարցը: Իսկ ահա նախօրեին, երբ Հայաստանը ստորագրում էր ՄՄ-ին անդամակցելու «ճանապարհային քարտեզը», ՄՄ անդամ երկրներից Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարեց, որ իրենք այդ պայմանագրին միանում են վերապահումներով` հատուկ կարծիքով: Իսկ պատճառը ԼՂ խնդրի կարգավորված չլինելու պատճառով ՄՄ սահմանի ոչ հստակ լինելն է: Դատելով Ղազախստանի եւ Ադրբեջանի սերտ հարաբերություններից, հազիվ թե Նազարբաեւն իր դիրքորոշման հարցում զիջի: Ասել է, թե Սերժ Սարգսյանը լուրջ խնդրի բախվեց նաեւ իր այս նախաձեռնության մեջ:

 

Ահա եվ վերջ
Ս. Սարգսյանը նախաձեռնեց Եվրամիության հետ ինտեգրվելու գործընթաց, բայց արդյունքում ավելի հեռացանք Եվրոպայից էլ, եվրոպական արժեքներից էլ: Ս. Սարգսյանը հայտարարեց Մաքսային միություն մուտք գործելու մասին, բայց վատթարացան հարաբերությունները նաեւ ՌԴ-ի հետ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս