ԲԼԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսկ եթե ես փողոցում մարդ խփեի, ի՞նչ կանեին, իհարկե, կպատժվեի, եթե սխալ բան անեի»:
Մանվել Բադեյան «Հրապարակ»

Տարին ավարտվում է, իսկ ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը «մտքի գոհարների» եւ լեզվի սայթաքումների հարցում իր կուսակից Գալուստ Սահակյանից հետ չմնալու խնդիր ունի: Պատասխանելով հարցին, թե եթե չքվեարկեիք, ինչ էր սպասվում ձեզ, Բադեյանի լեզուն սայթաքեց` մատնելով ՀՀԿ-ին, որ եթե ՀՀԿ-ականները դեմ քվեարկեին գազային պայմանագրին, ապա կպատժվեին, քանի որ դա «սխալ բան» կլիներ: Այդ պայմանագրի քվեարկությունը համեմատելով փողոցում մարդ ծեծելու հետ` Մ. Բադեյանը կրկին հաստատեց ՀՀԿ-ում տիրող գողական բարքերը եւ «ճիշտ» ու «սխալով» առաջնորդվելու սկզբունքները:

 

«Լոռու մարզում արտագաղթի ծավալները շատ ավելին են` համեմատած այլ մարզերի… Նաեւ հայրենասիրության պակաս կա, արտերկրում մեր քաղաքացիները կատարում են շատ ավելի նվաստացուցիչ աշխատանքներ»:

Արթուր Նալբանդյան «Առավոտ»
Ոչ միայն Լոռու մարզում, այլեւ բոլոր մարզերում էլ շատ բաների պակաս կա, եւ հայրենասիրությանը հերթն ուղղակի չի հասնում: Հատկապես մարզերի բնակիչների համար կարծես թե հատուկ կերպով ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի մարդիկ նույնիսկ մոռանան հայրենասիրության մասին եւ միակ փրկությունը տեսնեն Հայաստանից դուրս գնալու մեջ, գերադասեն նվաստանալ` արտերկրում աշխատելով, քան նվաստացած ապրեն իրենց հայրենիքում, որտեղ կան նման իշխանություններ: Նայե՛ք՝ օրինակ Արթուր Նալբանդյանն ընդամենը արտագաղթի ծավալներ է արձանագրում, փոխանակ ինչ-որ բան անի կյանքի պայմանները բարելավելու համար:

 

 

«Թեեւ ես կողմ եմ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը, այնուամենայնիվ, հայ-ռուսական համաձայնագրերը լուրջ խնդիր են»:

Արամ Գ. Սարգսյան news.am
Քաղաքական գործիչների տեսակ կա, որոնք մշտական փնտրտուքի մեջ են, թե որտեղ իրենց համար ավելի տաք կլինի, որտեղից ավելի շատ կսնվեն: Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահը կարծես թե խճճվածների թվում է, նա կողմ է ՄՄ-ին անդամակցությանը, բայց միաժամանակ հայ-ռուսական պայմանագրերը լուրջ խնդիր է համարում: Եթե այդպես է, ապա ինչպե՞ս կարող է կողմ լինել, կամ եթե կողմ է, ապա ինչո՞ւ է լուրջ խնդիր համարում… Նույն հաջողությամբ նման գործիչը մի օր կարող է դեմ լինել գործող իշխանություններին, մյուս օրն էլ դառնալ կողմ: Ի՞նչ է եղել որ:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս