ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շարունակում ենք ներկայացնել ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի եւ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի փոխդեսպանի միջեւ տեղի ունեցած զրույցի սղագրությունը:

Հիշեցնենք՝ նախորդ համարում գրել էինք, որ երկու զրուցակիցն էլ կենսականորեն շահագրգռված են, որպեսզի առաջիկա (նկատի ունեն 2007 թվականի) ընտրությունները հիմնավորապես վարկաբեկեն Հայաստանը։
«Գոլոս Արմենիի»-ն գրել է. «Բարձրաստիճան բրիտանացին ասում է, որ երբ Սեմնեբին առաջ քաշեց մինչեւ ընտրությունները նախնական հայտարարության մասին հարցը, մի շարք եվրոպական երկրների ներկայացուցիչները դեմ արտահայտվեցին։ Դրան Բաղդասարյանը վիրավորված պատասխանում է. «Իսկ ինձ խոստացել էին»։ Նրան խոստացել էին խայտառակել իր երկիրը։ Եվ նա սպասում էր, թե երբ կկատարեն խոստացածը։ Երբ տուժի Հայաստանի հեղինակությունը, կթուլանան նրա դիրքերը բանակցային գործընթացում, երբ Հայաստանը կկեղտոտեն ցեխով… Նրան խոստացել են։ Ի դեպ, էլ ո՞ւմ մեր երկրում կարող էին նման բան խոստանալ։ Միայն Բաղդասարյանին։
Ահա մի հատված սղագրությունից.
Ա.Բ.-Դուք տեղեկատվություն ունե՞ք, թե ինչ պատվիրակություններ են ժամանելու։
Փոխդեսպան.-Մենք ստույգ գիտենք, որ նախագահը դեմ է ԱՄՆ-ի եւ Անգլիայի պատվիրակություններին։
Ա. Բ.-Նա ատում է անգլիացիներին, դա փաստ է։
Փոխդեսպան.-Գիտեմ։ Եվ դա փոխադարձ է։ Նա թափանցիկ հասկացնել տվեց, որպեսզի բրիտանացիները եւ ամերիկացիները նրա հետ չկապվեն. չէ՞ որ առանց Բրիտանիայի չեղավ այն ամենը Ուկրաինայում, Վրաստանում եւ Բելառուսում։ Նա ընդունում է միայն ֆրանսիացիներին կամ ռուսներին։ Կասկածում եմ, որ նաեւ գերմանացիներին։
Ա. Բ.-Եթե ընտրությունները կեղծվեն, ապա «Նոր հարեւաններ» ծրագրում պետք է խնդիրներ ծագեն։ Եվ ամերիկացիների հետ՝ նույնպես։ Առանց այդ էլ այստեղ կցանկանային թքած ունենալ ամերիկացիների վրա։
Գլխավորը Բաղդասարյանի համար այն է, որ երկիրը խնդիրներ ունենա եւ, որքան հնարավոր է, շատ։ Եվ հենց այդ պատճառով նա անհանգստացած է նրանով, որ Կովկասյան տեղեկատվական կենտրոնը հրապարակում է տվյալներ այն մասին, որ Հայաստանում ընտրություններին նախապատրաստությունն ընթանում է օրենքի շրջանակներում։ Բրիտանացին կիսում է այդ անհանգստությունը եւ ասում, որ այդ տեղեկատվական կենտրոնը հովանավորում է, իր տեղեկություններով, Եվրոպայի խորհուրդը, եւ այդ իսկ պատճառով կենտրոնի կողմից տարածած տեղեկատվությունը կարող է միջազգային ատյանների վստահությունն առաջացնել, իսկ դա չի կարելի թույլ տալ։
Որպեսզի դա թույլ չտրվի, պարոն փոխդեսպանն ՕԵ առաջնորդին տալիս է հանձնարարություն. «Դուք պետք է անպայման հանդես գաք այն լուրերի դեմ, որոնք հրապարակում է Կովկասյան տեղեկատվական կենտրոնը»։ Բաղդասարյանի պատասխանը կարճ է. «Կասենք»։ Կովկասյան տեղեկատվական կենտրոնն անցկացրել է մամուլի մոնիտորինգ եւ եզրակացության է եկել, որ ընդդիմությունը մուտք ունի հեռուստաալիքներ, եւ այդ արդյունքները փոխդեսպանին բավականին գրգռում են, քանի որ նա բացահայտորեն անտարբեր չէ մամուլի նկատմամբ։ Ցավալի է։ Շատ ցավալի, որ այդ բրիտանացին չի տեսել ՕԵ կուսակցական թերթի օրինակները, որտեղ ստալինյան բացահայտումների ոգով մեթոդապես եւ հերթով հայտնվում էին այն լրագրողները, ովքեր թեկուզ թեթեւակի համարձակվել էին քննադատել խոսնակ Բաղդասարյանին։ Նման թունավորմանը կնախանձեր ցանկացած բոլշեւիկյան թերթ։ Ցավալի է, որ բարձրաստիճան բրիտանացին չգիտի, թե, լինելով խոսնակ, Բաղդասարյանն ինչպիսի սկզբունքով էր ընտրում իրեն արտասահմանյան այցելությունների ժամանակ ուղեկցող լրագրողներին։ Ցավալի է, որ բարձրաստիճան բրիտանացին չգիտի, թե ինչ մեթոդներով էր Բաղդասարյանը, լինելով իշխանության մեջ, հաշվեհարդար տեսնում իրեն ոչ ձեռնտու լրագրողների հետ։ Բայց իրականում բրիտանացիները տեղեկացված ժողովուրդ են։ Պատահական չէ, որ այսօր էլ նրանց հետախուզությունը երեւի ամենալավն է աշխարհում։ Այնպես որ, կարող է պատահել, որ Բաղդասարյանի զրուցակիցը գերազանց տեղեկացված է այն մասին, թե ինչ չափով է նախկին խոսնակը եվրոպական ժողովրդավարական արժեքների կրող։
Ամենայն հավանականությամբ, դա այդպես է, բայց բրիտանացու համար դա չէ գլխավորը, այլ այն, որ ոչ մեկը չհավատա, թե Հայաստանում հնարավոր են արդար եւ ազատ ընտրություններ։ Եվ եթե մայիսի 12-ի ընտրությունները շահեկանորեն կտարբերվեն նախորդներից, թույլ չտալ, որ այդ տեղեկատվությունը հիմք հանդիսանա միջազգային ատյանների գնահատականի համար։ Գուցե զրուցակիցները ճիշտ են՝ ասելով, որ մեր նախագահը, մեղմ ասած, չի սիրում բրիտանացիներին, բայց հո Ադրբեջանի նախագահը սիրում է նրանց հարազատի պես։ Ո՞ւմ համար եք աշխատում, Արթուր Բաղդասարյան։
Մենք նաեւ հույս ունենք, որ համապատասխան ատյանները, որոնք շահագրգռված են մեր երկրի անվտանգությունն ապահովելու մեջ, գոնե մասամբ կուրսի մեջ են՝ ով, որտեղ, երբ եւ ինչքանի դիմաց է սակարկում հայրենիքը… Գուցե արդեն այդ առեւտրականների անունները տալու ժամանա՞կն է, թե՞ դեռ պետք է սպասել։ Մինչեւ հաջորդ ձայնասկավառա՞կը»։

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս