ՀԱՐՑ. Եկմալյան 1 հասցեում ունեինք սեփական տուն, որը 2006 թվականին իրացվեց (քանդվեց): Իրացվելու ժամանակ մեզ բնակարան են տվել դեռ չկառուցված շենքում, բայց այն մինչեւ հիմա պատրաստ չէ, իսկ մենք բնակվում ենք վարձով: Ինչպե՞ս պետք է ստանանք մեր բնակարանը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Գույքի իրացման դեպքում, որպես հանրային գերակա շահ, կնքվում է պայմանագիր, որում որոշվում է վերցված բնակարանի (սեփական տան) դիմաց տրվող համապատասխան բնակարանը (սեփական տունը): Եթե բնակարանը տրամադրվում է դեռ չկառուցված շենքում, ապա համապատասխան կազմակերպության կողմից նաեւ պետք է տրվի վարձով բնակվելու գումարը: Քաղաքացին իր բնակարանը ստանալու համար պետք է դիմի դատարան: Դատարան դիմելու դեպքում կստանա վնասների հատուցում, ինչպես նաեւ պայմանագրով սահմանված համապատասխան տույժ` բնակարանի տրամադրման սահմանված ժամկետից ամեն օրվա ուշացման համար:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նմանատիպ իրավիճակում, ցավոք, արդեն քանի տարի մեր հարյուրավոր հայրենակիցներ են հայտնվել: Սակայն, ինչպես ցույց է տալիս մեր իրականությունը, բավականին կասկածելի է, որ ակնհայտ ապօրինությունը հնարավոր լինի դատարանի միջամտությամբ կանխել եւ քաղաքացու կրած նյութական վնասը գոնե մասնակիորեն փոխհատուցել: