«ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ ՉԵՆ ՓՈԽՎԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի այս տարվա վերջին զրուցակիցն է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

-Պարո՛ն Գասպարյան, երբ նշանակվեցինք ՀՀ ոստիկանապետ, անմիջապես կադրային լուրջ տեղաշարժեր սկսեցիք իրականացնել եւ ազատվեցինք ոստիկանությունում տարիներ շարունակ գործունեություն ծավալած «անշարժ գույքերից»: Վերջին շրջանում կարծես թե փոփոխությունների տեմպը թուլացել է: Արդյո՞ք դա նշանակում է, որ Դուք բավարարված եք այսօրվա ոստիկանության աշխատանքով:
-Կադրային փոփոխություններն ինքնանպատակ չեն՝ անհրաժեշտություն են: Մեր հասարակությունն էլ շատ լավ է ճանաչում՝ ով ինչպիսի ոստիկան է: Ինքներդ էլ կարող եք տեսնել, որ ոչ մի պատահական ազատում չի եղել. ազատվել են ձեր իսկ նշած «անշարժ գույքերը», որոնց նմաններն այսօր էլ տեղ չունեն ոստիկանությունում: Մեր կադրային քաղաքականությունը հասարակությունն ընկալեց: Հանրության կողմից գիտակցվեց, որ փոփոխություններն ինքնանպատակ չեն եւ բերում են բարեփոխումների: Նույն հասարակական վստահության արդյունքն է, որ դրա մասին հիմա քիչ են խոսում, չնայած կադրային փոփոխություններ կատարվում են նաեւ այսօր. դա մշտական պրոցես է: Ինչ վերաբերում է ոստիկանության աշխատանքով բավարարված լինել-չլինելուն, ապա իմ համոզմունքն է՝ հենց ոստիկանության պետին սկսի բավարարել կատարվող աշխատանքը, նրա գնալու ժամանակն է: Ես բավարարված չեմ: Դեռ շատ գործ ունենք անելու ու հատկապես կադրերի ոլորտում, որ ցավոտ հարց է մեզ համար:
-Բարեփոխումների մասին խոսելը կարծես թե չի տարածվում ՀՀ ճանապարհային ոստիկանության վրա: Ինչքան շատանում են տեսախցիկներն ու արագաչափերը, այնքան մեծանում են փողոցներում պտտվող ճանապարհային ոստիկաները՝ տուգանելով քաղաքացիներին՝ երբեմն սուբյեկտիվ պատճառներով: Ի՞նչ է նախատեսվում այս ուղղությամբ:
-Բարեփոխումները վերաբերում են բոլոր ոլորտներին, այդ թվում եւ ճանապարհային ոստիկանությանը: Գտնում եմ, որ ՃՈ-ում առաջընթաց կա, գոնե ոստիկանի կերպարի, պահվածքի, ծառայության իրականացման առումներով: Իսկ եթե ոմանք ինչ-որ բացասական դրսեւորումներ էլ ունենում են, ապա արժանանում են ադեկվատ վերաբերմունքի. նմանները տեղ չունեն ոստիկանությունում: Ինչ վերաբերում է տեսախցիկներին եւ ՃՈ-ների թվի ավելացմանը, ապա այդ գնահատականը ձեր անհամբերության դրսեւորումն է: Նախ պետք է տեսախցիկներով կահավորել Երեւանը, նոր անցնել բարեփոխումների: Հակառակ դեպքում կկատարվի՝ ինչ միշտ կատարվել է. նախ քանդում ենք, հետո մտածում, թե ոնց ենք նորը ստեղծելու: Մենք հակառակն ենք անում՝ ստեղծում ենք, հետո բարեփոխում, արդիականացնում մնացածը: Կարծում եմ՝ հաջորդ տարվանից Երեւանի ճանապարհային ոստիկանությունը լուրջ բարեփոխումների կենթարկվի՝ վերափոխվելով պարեկային ծառայության: ՃՈ-ները կլինեն միայն մարզերում, որտեղ տեսախցիկների տեղադրումը դեռ շարունակվում է: Մայրաքաղաքում կունենանք բազմաֆունկցիոնալ պարեկային ծառայություն, եւ այդ պարեկայիններն ավելի ընդգրկուն ծառայություն կմատուցեն քաղաքացիներին:
-Ի՞նչ քայլեր են արվում, որ ոստիկանության աշխատակիցները զերծ մնան գայթակղությունից եւ կաշառք չվերցնեն: Ի վերջո բոլորիս է հայտնի, որ նրանք եւս ստանում են բավականին քիչ աշխատավարձ:
-Խորը համոզմունք ունեմ, որ ոստիկանությունը հասարակության լավագույն հատվածն է՝ մարդիկ, որոնք պատրաստ են իրենց կյանքն ու առողջությունը զոհել քաղաքացու անվտանգության ապահովման համար: Այդպիսին է ոստիկանի տեսակը: Ինչ վերաբերում է կաշառակերությանը, ապա կաշառակերներ կան հասարակության բոլոր ոլորտներում, այդ թվում՝ եւ ձեր: Այնպես որ, դուք խոսում եք առանձին դեպքերի մասին: Մենք բացահայտում ու բռնում ենք կաշառակերներին՝ մեր եւ այլոց շարքերում: Իսկ եթե նկատի ունեք կոռուպցիոն ռիսկերը, ապա այո՛, ցածր աշխատավարձի պայմանում նման ռիսկեր հնարավոր են, գլխավորն այն է, որ դրանք նվազեցնելու ուղղությամբ մենք անում ենք ամեն ինչ՝ սկսած ոստիկանության բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացումից մինչեւ պատասխանատվության անխուսափելիության ամրագրումը… Իսկ եթե խոսենք նյութականի մասին, ապա հունվարի 1-ից նախատեսվում է աշխատավարձի 10 տոկոս բարձրացում, իսկ հուլիսին, ըստ ծառայությունների ծանրաբեռնվածության, աշխատավարձը կբարձրանա 40-60 տոկոսով:
-Չնայած Դուք շատ առիթներով հայտարարում եք, որ հասարակությունը ոստիկանին պետք է ընդունի որպես իր պաշտպանի, բայց այս տարի լուրջ միջադեպեր տեղի ունեցան, եւ շատ ակտիվիստներ դժգոհեցին, որ ոստիկաններն ագրեսիվ էին, մարդկանց ծեծեցին, քաշքշեցին, բերման ենթարկեցին: Դա՞ է Ձեր հայտարարության արդյունքը:
-Սկսենք նրանից, որ այս տարի լուրջ միջադեպեր տեղի չեն ունեցել: Եղել են կոնկրետ դեպքեր, եւ այդ դեպքերի կոնկրետ մասնակիցները ենթարկվել են համարժեք պատասխանատվության, անկախ նրանից՝ ոստիկան են, թե քաղաքացի: Ի դեպ, ոստիկանների առումով ավելի խիստ ենք եղել. նշանակվել են ծառայողական քննություններ, քրեական գործեր են հարուցվել, ոստիկաններ են ազատվել համակարգից… Համոզված եմ ու մեկ անգամ եւս հայտարարում եմ, որ ոստիկանը հասարակության պաշտպանն է, եւ հասարակությունը հենց այդպիսին պիտի ընդունի ոստիկանին: Մենք ամենօրյա ու հետեւողական աշխատանք ենք տանում այդ ուղղությամբ: Հասարակությունը հենց ինքը պետք է շահագրգռված լինի ոստիկանի՝ իմ նշած կերպարը ստանալու համար եւ գոնե արդար պիտի լինի իր գնահատականներում: Իսկ մեր սկզբունքն անփոփոխ է. ոստիկանությունը շարունակելու է ծառայել օրենքին՝ դրանով իսկ ծառայելով ժողովրդին:
-Լուրեր են շրջանառվում, որ հնարավոր է՝ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանությունը վերադառնա նախկին կարգավիճակին՝ դառնալով նախարարություն: Կա՞ նման ծրագիր:
-Մենք ամեն օր ամենախայտաբղետ լուրեր ենք լսում: Եկե՛ք չղեկավարվենք լուրերով: Անկախ նրանից՝ կվերականգնվի ՆԳՆ-ն, թե կմնա ոստիկանություն, բացարձակապես չեն փոխվելու այն սկզբունքներն ու մարտավարությունը, որ մենք ընտրել ենք:
-ՀՀ գործող կառավարությունը, որի առընթեր մարմնի ղեկավարն եք Դուք, լուրջ դիմադրության է հանդիպում ԱԺ-ում: Երբեք որեւէ կառավարության այսքան թվով (ԱԺ 4 խմբակցություններ) դեմ արտահայտվողներ չեն եղել: Ձեր կարծիքով՝ ինչի՞ հետեւանք է այս իրավիճակը:
-Ես քաղաքական գործիչ չեմ եւ քաղաքական գնահատականներ չեմ տալիս: Իմ եւ ոստիկանության համար բոլորը քաղաքացիներ են: Նմանատիպ հարցերը ճիշտ կլինի ուղղել քաղաքական գործիչներին:

Զրուցեցին ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
եւ ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ




Լրահոս