ԲԼԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ, լուծ եմ, շատ վատ եմ: Պիտի պայքարենք դրա դեմ… Բայց դա կարող է սխալ կերակուրից լինել»:

Պարույր Հայրիկյան 168.am
Հաշվի առնելով Պ. Հայրիկյանի վերջին բուժումները եւ դրանց համար ստացած գումարները` ընթերցողն առաջին հայացքից կարող է կարծել, թե անկախության սիմվոլը հիմա էլ նոր առողջական խնդիր ունի եւ օգնություն է ակնկալում, սակայն իրականում Հայրիկյանն այս անգամ պարզապես դիմել է այլաբանության հնարքին` երկրում ստեղծված ներկայիս իրավիճակը եւ հասարակական-քաղաքական պայքարը համեմատելով լուծի (փորլուծություն) եւ սխալ կերակուրի հետ: Բայց այս դեպքում էլ ստացվում է, որ «ռուսական ԿԳԲ-ի հալածյալը» փորձում է արդարացնել պայքարին իր տարօրինակ եւ ընդհատումներով մասնակցությունը:

 
«Ռուսներին մենք այս պահին ոչինչ չունենք տալու: Սեփականաշնորհելու շատ բան ունենք, բայց նախարարությունների շենքերի հետ կապված նոր զարգացումներ չեն սպասվում»:

Արման Սահակյան 168.am
Իսկապես որ, ճիշտ է ասում պետական գույքի կառավարման վարչության պետը, որը նաեւ Գալուստ Սահակյանի որդին է: Մենք ռուսներին ոչինչ այլեւս չունենք տալու, քանի որ ամեն ինչ արդեն տվել ենք թե՛ ռուսներին, թե՛ ֆրանսիացիներին, թե՛ մյուսներին` օդանավակայանը, կոնյակի գործարանը, էլեկտրաէներգիան, գազը, ջուրը: Էլ մեզ ի՞նչ մնաց. մի հատ «Նաիրիտ», մեկ էլ Որոտանի հէկ, դրանց համար էլ կարծես թե բանակցում են, որ տան ռուսներին: Եվ մենք պետք է շատ շնորհակալ լինենք մեր իշխանություններից, որ գոնե նախարարությունների շենքերը դեռ չեն տալիս իրենց գաղութատերերին:

 

 
«Ես այդպես դրամատիկ չէի ներկայացնի: Մարդկանց մոտ էլ է լինում, որ չեն հղիանում: Դա կա նաեւ կենդանական աշխարհում»:

Սերգո Կարապետյան 7օր.am
Հիմա ի՞նչ, գյուղացիները պետք է մխիթարվեն նրանով, որ մարդի՞կ էլ երբեմն չեն հղիանում: Ի՞նչ կապ ունեն մարդիկ կովերի հետ, եթե խոսքը գյուղացիների եկամտի մասին է: Կառավարության` տավարաբուծության զարգացման ծրագրով այդ կովերին Հայաստան բերել են բազմացնելու համար, իսկ դրանք ոչ միայն չեն հղիանում, այլեւ որոշները սատկում են, այսինքն` գյուղացին եւ գյուղատնտեսությունը կոնկրետ վնաս են կրում, եւ գյուղացին նախարարից դրա համար պարզաբանում ստանալու փոխարեն ստանում է ընդամենը անիմաստ մի համեմատություն: Հիանալի աշխատանք է, ՕԵԿ-ին բնորոշ:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս