Այս տարի մի շարք պաշտոնյաների որդիներ հայտնվեցին իրավապահների ուշադրության կենտրոնում: Թեեւ նրանցից շատերը փորձեցին միանգամայն անմեղ ձեւանալ, այնուամենայնիվ, իրենց հայտնի հայրիկների հնարավորություններն անգամ չօգնեցին նրանց խուսափել պատասխանատվությունից:
Եվ այսպես.
Դեռեւս մարտի 4-ին իրավապահների ուշադրության կենտրոնում էր հայտնվել Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Յուվեցի Կարո մականվամբ Կարո Կարապետյանի որդին: 24-ամյա Վարդան Կարապետյանը նշված օրը, վարելով «Բենթլի Կոնտինենտալ» մակնիշի, 88 RR 888 համարանիշի ավտոմեքենան, մեկ այլ համարանիշի ավտոմեքենայի հետ միասին խախտել էր ճանապարհային երթեւեկության կանոնները:
Օգոստոսի 29-ին Խանջյան փողոցում գտնվող բարի մոտից թմրամիջոցներ օգտագործելու կասկածանքով Կենտրոնի ոստիկանություն էր բերման ենթարկվել ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի որդի Արա Օսկանյանն իր ընկեր Վահագնի հետ միասին: Արա Օսկանյանի մոտ ոչինչ չէր հայտնաբերվել, փոխարենն ընկերոջ հեռախոսի գրպանից թափվել էր ինչ-որ փոշի, որի ծագումնաբանությունը պարզելու համար նշանակվել էր փորձաքննություն: Սեպտեմբերի 25-ին եզրակացության արդյունքների հիման վրա պարզ էր դարձել, որ Վարդան Օսկանյանի որդին եւ նրա ընկերը՝ Վահագն Մարկոսյանը, թմրանյութ են օգտագործել: Վերջիններս առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ օգտագործելու համար ենթարկվել են վարչական պատասխանատվության վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 44-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին մասի հատկանիշներով (առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածելը) եւ տուգանվել 200 հազար դրամի չափով:
Իսկ ահա այս տարվա հուլիսի 14-ին՝ ժամը 02:20-ի սահմաններում, Երեւանի Փափազյան փողոցից բերման էին ենթարկել 1982թ. ծնված Արթուր Մանուկյանին: Վերջինս ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին է, ինչպես նաեւ Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի դստեր նշանածը: Ըստ տարածված տեղեկությունների՝ տղաներին բերման էին ենթարկել թմրանյութ պահելու կասկածանքով: Աբրահամ Մանուկյանը հերյուրանք էր անվանել այն լուրերը, թե իր որդին բերման է ենթարկվել ոստիկանություն: Թերեւս զարմանալի չէր, որ պատգամավորի որդին այս պատմությունից չոր դուրս կգա, քանի որ սա միակ դեպքը չէր, որ Արթուր Մանուկյանը եւ նրա ընկերներ Վահագնը ու Երվանդը հայտնվում էին սկանդալային պատմության կիզակետում: Ոչ վաղ անցյալում նրանց մեքենայի միջից նաեւ մեծաքանակ զենք հայտնաբերվեց:
Սեպտեմբերի 11-ին էլ պարզվեց, որ հունիսի 2-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի (Լիսկա) տան մոտ հնչած կրակոցներից հետո կալանավորված նրա որդին՝ Տիգրան Խաչատրյանը եւս թմրամոլ է: Դեպքից հետո նշանակված փորձաքննության եզրակացությամբ ապացուցվել էր, որ նախկին մարզպետի որդու մեզից եւ մազից վերցված փորձանմուշներում հայտնաբերվել է թմրանյութ:
Թմրանյութերի, երթեւեկության կանոնների խախտման արդյունքում ոստիկանության ուշադրության կենտրոնում էին հայտնվել նաեւ ԱԺ նախկին պատգամավոր, ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Նվեր Չախոյանի որդին՝ 22-ամյա Նարեկ Չախոյանը, եւ Երեւան քաղաքի նախկին ավագանու անդամ, Ճվճվ Արո մականվամբ Արա Վարդանյանի տղան՝ 21-ամյա Սարգիս Վարդանյանը: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու հետ պատահածը թերեւս ամենավերջին եւ սկանդալային դեպքն էր, որ բացահայտվեց այս տարվա ընթացքում: Հոկտեմբերի 12-ին նախարարի որդուն` Դավիթ Վարդանյանին, ձերբակալել էին առանձնապես խոշոր չափերի թմրանյութ Հայաստան ներմուծելու համար: Դավիթ Վարդանյանը կալանավորված է, այս գործով նախաքննությունն արդեն ավարտման փուլում է, իսկ թե ինչ ճակատագիր է սպասվում նրան, դեռ հայտնի չէ:
Առջեւում 2014 թվականն է, հուսանք, որ հայտնի պաշտոնյաների որդիները, որոնք աչքի ընկան 2013թ. ընթացքում, ավելի պարկեշտ կյանք կվարեն գալիք տարում եւ իրենց առանց այն էլ «բազմազբաղ» հայրիկներին չեն «գցի իրավապահների դռները»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ