ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎԱՐՉԱՊԵՏՆ ՈՒ ՀՀԿ-Ի ԿԱՆԱՅՔ

Հովիկ Աբրահամյանի մոտ երեկ տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից կանանց հարցերի խորհրդի հերթական նիստը: Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին երեկ հայտնի դարձավ, որ մինչ այդ ՀՀԿ-ի ներսում կին պատգամավորների մեջ հերթական գզվռտոցն է եղել, քանի որ վերջիններից վարչապետին կից խորհրդում ներկայացված է միայն ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը: Եվ ահա, ՀՀԿ-ական կանանց մեջ նոր գզվռտոց է ընթացել, ոմանք դժգոհել են, թե ինչո՞ւ պիտի միայն Նաղդալյանը լինի այնտեղ։ Ըստ նրանց՝ ճիշտ կլինի, եթե ՀՀԿ խմբակցության մյուս կին պատգամավորները, անգամ՝ մյուս խմբակցությունների կանայք եւս լինեն այդ խորհրդում, այլապես դա անարդար կլինի: «Տերը նշանակել է ինձ հարեմի ամենասիրելի կինը» խոսքերը հիշեցնող պայքարն ավարտվել է նրանով, որ Հովիկ Աբրահամյանը համաձայնվել է ընդլայնել խորհրդի կազմը, միայն թե կարողանա վերջ դնել «կնիկական» այդ կռիվներին ու խանդի տեսարաններին:

 

 

 

ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՎՏՈՊԱՐԿԸ

Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակված Յուրի Վարդանյանը պետական պաշտոն զբաղեցնելու տարիներին հասցրել է բավականին ունեցվածք կուտակել: 2012թ., երբ նա Սերժ Սարգսյանի խորհրդականն էր, հայտարարագրել էր միայն 650 հազար դրամ: 2013թ., երբ սպորտի նախարար էր` հայտարարագրել էր 2 մլն 920 հազար դրամ: Իսկ ահա նախարարի պաշտոնը թողնելուց եւ խորհրդական նշանակվելուց հետո նա հայտարարագրել է մեկ բնակարան, մեկ սեփական տուն, մեկ ավտոտնակ, հողին ամրացված այլ անշարժ գույք: Բացի այդ, Յուրի Վարդանյանը հայտարարագրել էր միանգամից 5 ավտոմեքենա` «FORD EXCURSION V10 6.8 L», «FORD AEROSTAR 3.0 EFI V6 XL», «MERCEDES-BENZ 500 S», «FORD E 150» եւ «LEXUS GX 470» մակնիշի: Իսկ նրա հաշվին կար 3 մլն 220 հազար դրամ: Հետաքրքիր է, թե դեսպան Վարդանյանի հայտարարագիրն ի՞նչ փոփոխությունների կենթարկվի մեկ տարի անց:

 

 

 

 

ՀԵՌԱՑՄԱՆ
ՀԵՏՔԵՐՈՎ

Հուլիսի 14-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Գյոզալյանը մարզպետ Հովիկ Աբովյանի որոշմամբ ազատվել էր ԲԿ-ի տնօրենի պաշտոնից: Ըստ տեղեկությունների՝ պատճառը մարզպետարանի կողմից այդ կենտրոնում անցկացված ներքին աուդիտի արդյունքներն են, որով լուրջ բացթողումներ են արձանագրվել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Աշոտ Գյոզալյանն ասաց, որ ինքը տեղյակ չէ, թե ինչ բացթողումների կամ սխալների համար են իրեն հեռացրել. «Սովորականի պես գնացել եմ աշախատանքի եւ եկել հայտնել են, որ հեռանամ: Չեն ներկայացրել բացթողումների մասին որեւէ բան, որ կարողանամ պատասխանել կամ պաշտպանվել»: Ըստ մեր զրուցակցի՝ ինքը նշված օրը փորձել է զրուցել մարզպետի հետ, սակայն վերջինս չի խոսել իր հետ:




Լրահոս