ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԻՏՈՐԴՆԵՐՆ ԱՅՍՏԵՂ ԵՆ
Մարտի 22-ից ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը սկսել է Հայաստանում մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելությունը: Համաձայն ստանձնած պարտավորությունների` Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների (ԺՀՄԻԳ) գրասենյակին դիտորդական առաքելության համար   Հայաստան են հրավիրել ՀՀ իշխանությունները: ԺՀՄԻԳ-ի 250 կարճաժամկետ, 24 երկարաժամկետ դիտորդներից եւ 13 միջազգային փորձագետներից բաղկացած առաքելությունը գլխավորում է Ռադմիլա Շեկեռինսկան:

«ԳՑՎԱԾՆԵՐԻ» ՑՈՒՑԱԿԸ
Պետրոս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր  պատին  տեղադրել է ԱԺ «ցուցակամանիայի» արդյունքում «գցվածների» ցանկը, որը գլխավորում է ինքը:
1. Պետրոս Ղազարյան
2. Անդրանիկ Թեւանյան
3. Մենուա Հարությունյան
4. Արմեն Մարտիրոսյան
5. Լիլիթ Գալստյան
6. Երվանդ Բոզոյան
7. Արարատ Զուրաբյան
8. Լարիսա Ալավերդյան
9. Հայ ժողովուրդ
 Նկատենք, որ ցուցակի վերջին համարն ամենամեծ գցվածն է:

ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՆԵՐ

«Դա իրենից ի՞նչ է ներկայացնում` մազերը ներկած, չես էլ իմանում` կին ա, թե պարոն ա… Բարոյականությունից կարող են խոսել բարոյական մարդիկ, ամբողջ քաղաքը գիտի, որ ինքը անբարոյական ա»,-Henaran.am-ի հետ զրույցում քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի հասցեին նման կոպիտ արտահայտություններ է արել «Ազգային միաբանության» պատգամավոր Արա Սիմոնյանը` արձագանքելով Հովհաննիսյանի կողմից վերջերս Արտաշես Գեղամյանի հասցեին տրված որակումներին: aravot.am-ին տված հարցազրույցում Հմայակ Հովհաննիսյանը Արտաշես Գեղամյանի մասին ասել էր, որ նա   քաղաքականության մեջ անբարոյական կերպար է, որն իր վարկանիշը փրկելու համար է սատարում Սերժ Սարգսյանին:

ՀԱՎԱՏԱՐԻՄ ԵՆ
Երեկ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը (ՀԵԲ) ներկայացրել է 2012թ. փետրվարի 29-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում կատարած հետազոտությունները, ըստ որոնց` նախորդ ընտրություններում ՀՀԿ օգտին քվեարկածներն այս անգամ էլ  նույն ուժին կընտրեն:

ՄԵԿ Է` ԽԱԽՏԵԼՈՒ ԵՆ
ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ՀՀ ջրային տարածքներում 2012 թվականի ընթացքում սահմանվել են որսի հետեւյալ չափաքանակները`
1) կարաս` մինչեւ 100 տոննա,
2) ծածան` մինչեւ 50 տոննա,
3) խեցգետին` մինչեւ 800 տոննա:
Այս մասին հայտնում է ՀՀ ԲՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:

ՄԱՐԴԱՍՊԱՆԻՆ ԳՏԱՆ
Մարտի 22-ին ոստիկանության Արտաշատի բաժին է բերման ենթարկվել նախօրեին կատարված զարհուրելի սպանության մեջ կասկածվող Ջրաշեն համայնքի բնակիչ 23-ամյա Գեւորգ Սարգսյանը: Ըստ որոշ տեղեկությունների` սպանությունը կատարելու ժամանակ սպանվածը դիմել է Գեւորգին` ասելով. «Գեւո՛րգ ջան, մի՛ արա, մի՛ արա», սակայն նա շարունակել է դանակի բազմաթիվ հարվածներ հասցնել իր զոհին, իսկ վերջում կտրել  նրա  կոկորդը:
Սպանությունից հետո  Գեւորգ Սարգսյանը դուրս է եկել սպանվածի տնից, ապա մի որոշ ժամանակ անց վերադարձել եւ արդեն մահացածի մարմնի վրա դրել իր կողմից գրված հայտնի գրությունը. «Էս քո տղու համար: Ինքը տարավ մեր փողերը: Ես էլ խլեցի քո կյանքը: Հաջորդը մարդդ ա»: Նա այդ գրությունը գրել է, որպեսզի շեղի իրավապահներին` կասկածը գցելով պարտատերերի վրա:
Գեւորգ Սարգսյանի տունը գտնվում է ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցների խիստ հսկողության տակ, քանի որ իրավապահները մտավախություն ունեն, որ կարող է տեղի ունենալ վրեժխնդրություն, քանզի սպանվածն ու սպանություն կատարողը հարեւաններ են:




Լրահոս