13 ԹԵԿՆԱԾՈՒ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի 4 ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները 13-ն են։ Եւ այսպես, թիվ 33 ԸԸՀ-ում թեկնածուները երեքն են՝ ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյան, ՀՀԿ ներկայացուցիչ Աշոտ Աղաբաբյան եւ ՀՀՇ ներկայացուցիչ Շալիկո Զորյան։
Ամենաթեժ ընտրապայքարը սպասվում է թիվ 34 ընտրատարածքում, որտեղ առաջադրվել են ԲՀԿ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը եւ գործարար, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արման Սահակյանը, ում թեկնածությունը սատարելու է ՀՀԿ-ն։ Առաջադրումների վերջին օրն իր փաստաթղթերն է ներկայացրել նաեւ ՀՀՇ ներկայացուցիչ Մուրադ Գրիգորյանը։ Նրան առաջադրել է ՀԱԿ-ը։
Ուշագրավ պատկեր է ստացվել թիվ 35 ընտրատարածքում, որտեղ իր թեկնածությունն է  առաջադրել ԱԺ փոխխոսնակ Սամվել Բալասանյանը, ում «դեմ» ինքնաառաջադրվել է  անկուսակցական Հայկ Սուլթանյանը։ Այս ընտրատարածքում, հասկանալի է, որ բացարձակ առաջատարը հենց Ս. Բալասանյանն է, եւ նրա համար առանձնապես դժվար չի լինի հաղթել «մրցակցին», քանի որ Հայկ Սուլթանյանի առաջադրումը, մեղմ ասած, ձեւական է։ Հայկ Սուլթանյանը նախկինում ՕԵԿ կուսակցության անդամ էր եւ համարվում էր Բալասանյանի թիմակիցը դեռ այն ժամանակներից, երբ ԱԺ փոխխոսնակի ճակատին ՕԵԿ էր գրված։ Նրանք աշխատում էին նույն գրասենյակում, որը գտվում էր «Գյումրի» գարեջրի գործարանի տարածքում։ Եւ երբ Բալասանյանը դուրս եկավ ՕԵԿ-ից, նրա թիմակիցը դարձավ անկուսակցական։ Մեր տեղեկություններով` Հայկ Սուլթանյանն աշխատում է գարեջրի գործարանում որպես լաբորատորիայի վարիչ։ Թիվ 35 ԸԸՀ նախագահի տեղակալ Մաքսիմ Շահբազյանից փորձեցինք ճշտել, թե Սուլթանյանն իր ներկայացրած փաստաթղթում արդյոք գրել է իր աշխատավայրը: «Ո՛չ, ոչ մի բան չկա նշված։ Օրենքը չի պարտադրում, որ նա գրի իր աշխատավայրը, եւ գրված էլ չկա»,-մեզ փոխանցեց ԸԸՀ ներկայացուցիչը։
Թիվ 36-ում եւս, ինչպես 34-ում, լարված ընտրապայքար է սպասվում  առաջադրված  թեկնածուների միջեւ։ Այստեղ իրենց փաստաթղթերն են ներկայացրել ԲՀԿ պատգամավոր Մուշեղ Պետոյանը, Արթիկի քաղաքապետի եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Մխիթար Վարագյանը, եւ ՕԵԿ ներկայացուցիչ Հունան Պետրոսյանը, ով Մեղրաշենի գյուղապետն է։ Հիշեցնենք, որ այս թեկնածուի եղբայրը՝ Տիգրան Պետրոսյանը, Արթիկի ոստիկանապետն է։ Մարտի 21-ին այս ընտրատարածքում իր փաստաթղթերն է ներկայացրել նաեւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։ Նրա թեկնածությունը թիվ 36 ԸԸՀ-ում կսատարի ՀԱԿ-ը։ Առաջադրումների վերջին օրն իր փաստաթղթերն է ներկայացրել նաեւ անկուսակցական Սուրիկ Գրիգորյանը։

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս