ԲԻՈԶՈՒԳԱՐԱՆՆԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերթանկարժեք բիոզուգարանների շուրջ աղմուկը, ճիշտ է, առերեւույթ մարել է, բայց դրանք դեռեւս տեղադրված են ու չեն աշխատում: Սա նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ նրա տնտեսական թիմի մտքի փայլատակումներից էր, երբ նրանք մտադրվել էին իբր խթանել զբոսաշրջության զարգացումն ու ՀՀ պետբյուջեի հաշվին 124 մլն դրամ ծախսելով` Հայաստան բերեցին երկու բիոզուգարան, որոնք այդպես էլ չաշխատեցին: Արդյունքում, այս գործարքի պատասխանատուներից եւ ոչ ոք իր արժանի պատիժը չկրեց, իսկ ՀՀ վերահսկիչ պալատն ընդամենն իր տարեկան հաշվետվության մեջ դա արձանագրեց:

Հիշեցնենք, որ էլիտար բիոզուգարաններից մեկը տեղադրված է «Տաթեւեր» ճոպանուղու տարածքում, իսկ մյուսը՝ Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ: ՎՊ-ի՝ 2012-ի տարեկան հաշվետվության մեջ նշված է, որ հասարակական վայրերի զուգարաններով ապահովման հայեցակարգի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարության արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք բերված 2 բիոզուգարանները մինչ օրս չեն շահագործվում, որի հետեւանքով կատարված ավելի քան 100 մլն դրամի ծախսն անարդյունավետ է:
«Ժողովուրդ»-ն իր նախորդ հրապարակումներից մեկում տեղեկացրել էր, որ առաջիկայում «Տաթեւեր» ճոպանուղու մոտ Ազգային մրցունակության հիմնադրամի եւ ճոպանուղու տնօրինության ջանքերով ծրագրված է նոր հասարակական զուգարան կառուցել: Երեկ տեղեկացանք, որ առաջիկայում կսկսվի հասարակական զուգարանի շինարարությունը: Իսկ ահա ճոպանուղու հարակից տարածքում գտնվող թանկարժեք բիոզուգարանը մինչ օրս չի աշխատում: «Մինչեւ հիմա իր տեղում է, ոչ ոք տեղյակ չէ, թե այդ բիոզուգարանն ում է պատկանում»,- փոխանցեց Տաթեւ համայնքի բնակիչներից մեկը:
Մինչդեռ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն այդ բիոզուգարանների ձեռքբերումը համարում էր զբոսաշրջության ոլորտում կառավարության կարեւոր ձեռքբերում եւ վստահեցնում, որ 200 դրամ մուտքավճարով այդ գումարները հետ են գալու ՀՀ պետբյուջե:
«Հիմա եթե աշխարհի լավագույնն ես անում, ամեն ինչ պետք է լավագույնն անես, մարդիկ գան ծառայություններից օգտվեն: Համար մեկ պրոբլեմը ո՞րն է այսօր տուրիստների համար. բոլորը գալիս են, ասում են` զուգարան չկա: Տուրիզմ առանց զուգարանների հնարավոր չէ զարգացնել: Պետք է մի հայեցակարգ ներդնել Հայաստանում, որպեսզի լինեն ինքնածախսածածկվող զուգարաններ, որպեսզի վրան գովազդներ լինեն, բանկոմատներ մեջը տեղադրվեն, վճարովի լինի, եւ այդ զուգարանները դառնան բիզնես, որ իրենք եկամուտ ստանան` ծախսերը փակեն: Ու մարդիկ պիլոտային պրոյեկտ են արել, բերել են առաջին երկու այդպիսի զուգարանները, այդ պիլոտային պրոյեկտը պետք է աշխատեցնեն, որպեսզի հետո ցույց տան, որ սա շահավետ բիզնես է, եւ մարդիկ ներդրումներ կատարեն»,- «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր նախկին վարչապետը:
Մինչդեռ «ժողովուրդ»-ը պարզ թվաբանական հաշվարկի միջոցով դեռ այն ժամանակ պարզել էր, որ 200 դրամ մուտքավճարով զուգարանների վրա ծախսված գումարները հետ բերելու շուրջ Տիգրան Սարգսյանի հաշվարկները, մեղմ ասած, անիրատեսական են: 124 մլն դրամը հետ բերելու համար հարկավոր է 635 հազար այցելու: Եթե ընդունենք, որ օրական այդ զուգարաններից կարող է օգտվել 50 այցելու, կստացվի` հարկավոր է մոտ 30-35 տարի, որպեսզի 124 մլն-ը վերադառնա պետբյուջե:
Սակայն, ինչպես ցույց տվեց ժամանակը, մեր հաշվարկները գերլավատեսական էին, քանզի այդ զուգարանները ոչ միայն օրական հիսուն, այլ, առհասարակ, ոչ մի այցելու չունեցան: Արդյունքում՝ այս գործարքի պատասխանատուներից եւ ոչ ոք իր արժանի պատիժը չկրեց: Հակառակը` դրա անմիջական պատասխանատուները նոր պաշտոններ ստացան. Ներսես Երիցյանը նշանակվեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ, Տիգրան Դավթյանը` Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում ՀՀ-ի մշտական ներկայացուցիչ, իսկ Տիգրան Սարգսյանը` ԱՄՆ-ում ՀՀ դեսպան: Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանի հետ, ով այս գործարքի անմիջական դերակատարներից էր. «Հեռախոսով ես ինտերվյուներ չեմ տալիս: Դիմեք լրատվականին, կամ էլ` Էկոնոմիկայի նախարարություն»,-իր համար այնքան ցավոտ հարցից խուսանավեց նախկին նախարարը, ով, ի դեպ, մեր բոլորի հիշողության մեջ մնացել է ոչ միայն չաշխատող բիոզուգարաններով, այլեւ չկայացած տեխնոպարկով եւ տնտեսական ճգնաժամը հաղթահարելու մասին ժամանակավրեպ հայտարարություններով: Ինչեւէ. «Ժողովուրդ»-ը գրավոր դիմել է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն եւ ակնկալվող պատասխանը ստանալուն պես` այն կներկայացնենք:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս