Մարտի 22-ի երեկոյան Նոյեմբերյան քաղաքի ռեստորաններից մեկում հանդիպում է կայացել, որին մասնակցել են Ազգային Ժողովի պատգամավոր Միքայել Վարդանյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքից (կենտրոնը` Նոյեմբերյան քաղաք) ԱԺ պատգամավորության թեկնածու, «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերության տնօրեն Մարինե Մարաբյանը եւ տարածաշրջանի բոլոր համայնքապետերը` անկախ կուսակցական պատկանելությունից: Չնայած Մարինե Մարաբյանը անկուսակցական է, սակայն նրա թեկնածությունն առաջադրել է Հանրապետական կուսակցությունը: Մեզ հետ զրույցի ժամանակ գյուղապետերն ասացին, որ Միքայել Վարդանյանն անցած հինգ տարիներին համայնքներում բարեգործական բազմաթիվ ծրագրեր է իրականացրել, եւ նրա վերընտրվելը հեշտ էր: Սակայն Մարինե Մարաբյանին տավուշցիները ծանոթ չեն: Մարզային «Տավուշ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Միքայել Վարդանյանն ասել է, որ Մարինե Մարաբյանը, ինչպես եւ ինքը, ներկայացնում է «Գրանդ հոլդինգ»-ը, որի հասույթից էլ Տավուշի մարզում բարեգործական ծրագրեր են իրականացվում, եւ որ ինքը նախընտրական արշավի ժամանակ կանգնելու է Մարինե Մարաբյանի կողքին: Միքայել Վարդանյանի խոսքերով` ինքը, բազմազբաղ լինելով, հաճախ չէր կարողանում մասնակցել խորհրդարանի նիստերին: Չնայած Մարինե Մարաբյանին տավուշցիները ծանոթ չեն, սակայն նկատի ունենալով այստեղ «Գրանդ հոլդինգ»-ի կատարած աշխատանքը՝ վերջինիս ընտրվելու շանսերը փոքր չեն: Դա դյուրանում է նաեւ նրանով, որ ընտրապայքարում Մ. Մարաբյանի երկու մրցակիցները` Նոյեմբերյանի ավագանու անդամ Վարուժան Բաբաջանյանը եւ գազի ներտնային սպասարկման Տավուշի մարզային ծառայության տնօրեն Երվանդ Չիլինգարյանը, ծագումով Նոյեմբերյան քաղաքից եւ Նոյեմբերյանին հարակից Ջուջեւան գյուղից են: Մինչդեռ թիվ 40 ընտրատարածքը ներառում է 44 համայնք, որից 19-ը` Նոյեմբերյանի, 17-ը` Իջեւանի, 8-ը` Բերդի տարածաշրջանից են: Միքայել Վարդանյանի չառաջադրվելը խնդիրներ է առաջացնելու ՀՀԿ-ի համար` թիվ 40 ընտրատարածքում ձայներ ապահովելու առումով: Իշխող կուսակցությունը հույս ուներ, որ անկուսակցական գործարար պատգամավորի ֆինանսական ռեսուրսները կօգտագործվեին ոչ միայն իր վերընտրության, այլեւ իշխող կուսակցությանը սատարելու համար: Սակայն Վարդանյանը չառաջադրվեց, եւ ակնհայտ է, որ նրա եւ Մարինե Մարաբյանի ընտրվելը տարբեր իրողություններ են: Այս իրավիճակում ՀՀԿ-ին մնում է ապավինել սեփական ռեսուրսներին եւ վարկանիշին, որոնք սահմանափակ են:
Տավուշ