ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ
Գործարար Լեւոն Հայրապետյանին երեկ տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց նրա բարեկամներից Վահան Գուրգենյանը: Ըստ մեր զրուցակցի՝ այս լուրը ստանալուց հետո ԼՂՀ Վանքի գյուղի բնակիչները որոշել են առայժմ բողոքի ակցիա չիրականացնել եւ սպասել, թե ինչ որոշում կկայացնի Բասմանի շրջանի դատարանը: Լեւոն Հայրապետյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանն ասել էր, որ երկու շաբաթվա մեջ հատուկ բժշկական հանձնաժողովը պետք է որոշում կայացնի մնալո՞ւ է Հայրապետյանը կալանքի տակ, թե՞ ազատ կթողնեն մինչեւ դատավարություն՝ նշելով. «65-ամյա բարեգործը վատառողջ է։ Այն հիվանդությունը, որն ախտորոշված է Հայրապետյանի մոտ, ենթադրվում է, որ մեղադրյալը կարող է տնային կալանքի տակ մնալ մինչեւ դատավճիռ»: Իսկ Վ. Գուրգենյանն էլ հավելեց. «Վանք գյուղի բնակիչները կսպասեն հուլիսի 24-ի հայտարարությանը, հետագա զարգացումներին եւ ըստ այդմ էլ կորոշեն, թե ինչ գործողություններ կիրականացնեն»: Նշենք, որ հուլիսի 24-ին պաշտոնապես հայտնի կլինի, թե ինչի մեջ են մեղադրում Հայրապետյանին: Հիշեցնենք, որ Բասմանի դատարանը բավարարել էր հետաքննող կողմի միջնորդությունը՝ Հայրապետյանին մինչեւ սեպտեմբերի 15-ը կալանքի տակ վերցնել։ Հայրապետյանը չի ճանաչում իր մեղավորությունը եւ հերքում է բոլոր մեղադրանքները:
ՀԻՄԱ ԱԽՔ ԷԼ ՉԷ
ՕԵԿ-ի՝ ուրբաթ օրը Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքը, ինչպես եւ սպասվում էր, բավականին սակավամարդ էր: Ավելին՝ նույնիսկ եղան միջադեպեր, երբ քաղաքացիները չկարողացան թաքցնել իրենց ակնհայտ բացասական վերաբերմունքը ՕԵԿ-ի ու նրա ղեկավար Արթուր Բաղդասարյանի հանդեպ: Նախ՝ մի կին հանրահավաքի ժամանակ ՕԵԿ-ի ու նրա առաջնորդի հասցեին բղավեց «դավաճան», եւ հատուկենտ ՕԵԿ-ականները կնոջն արագ վնասազերծեցին՝ վրան սառը ջուր լցնելով: Այնուհետեւ սոցիալական ցանցերում «Նավակը ճոճողը» անունով հայտնի Վիլեն Գաբրիելյանը Բաղդասարյանի ելույթի ժամանակ «ԱԽՔ» վերտառությամբ գրություն փակցրեց ամբիոնին: Սակայն Հեղինե Բիշարյանը շատ արագ հարձակվեց ու պատռեց գրությունը, իսկ Գալստյանին ոստիկանները փորձել են բերման ենթարկել. նստեցրել են մեքենա, բայց մոտ 10 րոպե անց Սայաթ-Նովա փողոցում ազատ արձակել: Ի դեպ, թեեւ ՕԵԿ-ը հանրահավաք հրավիրել էր էլեկտրաէներգիայի թանկացումների դեմ, սակայն Ա.Բաղդասարյանի ելույթն ավելի շատ նվիրված էր ընդդիմությանը՝ մասնավորապես ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որոշ ակնարկներով՝ նաեւ ԲՀԿ-ին: Ընդ որում, բացատրելով 2008թ. իր միանալը իշխանություններին՝ Բաղդասարյանը հայտարարել է, թե Տեր-Պետրոսյանն ընտրություններից հետո իր հետ հանդիպելու ցանկություն չի հայտնել, իրեն որեւէ բան չի առաջարկել, իսկ ահա իշխանությունները՝ հանձին Սերժ Սարգսյանի, հանդիպել են իր հետ, առաջարկել, ինքն էլ համաձայնել է: