«Նաիրիտ»-ի աշխատողների աշխատավարձը փակում էին «Որոտան ՀԷԿ»-ի եկամուտներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունն իր վերջին նիստում որոշում կայացրեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության հաշվեկշռում գտնվող «Որոտանի ՀԷԿ-երի համալիր» ընկերությանը «Հայգազարդ» ՓԲԸ-ի պարտքի դիմաց նրանց փոխանցել ՓԲԸ-ի հաշվեկշռում գտնվող «Նաիրիտ-2» ընկերության բաժնետոմսերի մի մասը:

«Ժողովուրդ»-ին այս առումով ուշագրավ փաստեր են հայտնի դարձել. պարզվում է` «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձի պարտքերը իշխանությունները պարբերաբար փակել էին «Որոտանի ՀԷԿ»-ի եկամուտների միջոցով: Թե ինչ գումարի մասին է խոսքը, առայժմ գաղտնի է պահվում: Սակայն ենթադրվում է, որ դրանք մեծ գումարներ են:

Ի դեպ, տեղեկացնենք, որ մինչեւ հիմա դեռեւս չի ավարտվել «Որոտանի ՀԷԿ»-ի վաճառքի գործարքը: Չնայած ամերիկյան «Կոնտուր գլոբալ» ընկերության հետ Որոտանի վաճառքի պայմանագիրը ստորագրվել էր այս տարվա հունվարի 29-ին, սակայն մինչեւ հիմա բանակցություններ են ընթանում տեխնիկական հարցերի շուրջ: Ըստ ՀՀ էներգետիկայի նախարարության լրատվական ծառայության՝ այդ բանակցությունների ավարտից հետո «պետք է ստորագրվի գործարքի փակման ակտը, այնուհետ կիրականացվեն վճարումները եւ մյուս գործընթացները»:




Լրահոս