ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԼՈՂԻ ՉԵՄՊԻՈՆԸ»

Նախօրեին «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության գերագույն մարմնի նիստում որոշում է կայացվել, որ ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին անդամ Վահան Հովհաննիսյանին կփոխարինի դաշնակցական նախկին պատգամավոր Միքայել Մանուկյանը: Այս լուրը հետաքրքիր էր այն առումով, որ ամիսներ առաջ նույն Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել էր, թե ցանկություն չունի խորհրդարան գնալ՝ փոխարինելու Վահան Հովհաննիսյանին: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Մ. Մանուկյանից պարզել, թե ինչպես է ստացվել, որ նրա մոտ կրկին ցանկություն է առաջացել խորհրդարան մտնել: «Որոշում է կայացվել, ես էլ որոշմանը ենթակա եմ: Ես կուսակցական եմ եւ կուսակցական որոշումներին ենթակա մարդ»,-ասաց նա: Հիշեցնենք, որ տարիներ առաջ Վ. Հովհաննիսյանը հայտարարել էր, թե եթե կուսակցությունում որոշում կայացվի, որ ինչ-որ մեկը պետք է դառնա լողի չեմպիոն, ուրեմն պետք է դառնա, եւ այս պարագայում էլ գործել է նույն սկզբունքը:
Հավելենք, որ դեկտեմբերի 28-ին Վ. Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Գերմանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան: Իսկ երեկ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է, որ Վ. Հովհաննիսյանին ԱԺ-ում փոխարինելու է Մ. Մանուկյանը:

 

 

 

ԽԱՓԱՆՎԵԼ ԷՐ

Երեկ՝ օրվա երկրորդ կեսից, շարքից դուրս էր եկել ՀՀ կառավարության պաշտոնական կայքը` gov.am-ը: Վերջին օրերին Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան հեռակա բանավեճն առիթ էր դարձել, որպեսզի քաղաքական շրջանակներում այս առթիվ կատակեին, թե կառավարության կայքի խափանումը Քոչարյանի ձեռքի գործն է:

 

 

 

ՁԵԶԻ ՀԱԿԱՌԱԿ

Ամանորից առաջ Սերժ Սարգսյանը բավական շռայլ է գտնվել. նա մեդալներով պարգեւատրել է մի շարք պաշտոնյաների: Զարմանալի զուգադիպությամբ՝ Ս. Սարգսյանի կողմից պարգեւատրվել են այնպիսի պաշտոնյաներ, որոնք հասարակության կողմից, մեղմ ասած, լավ չեն ընկալվում. օրինակ` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախկին ղեկավար Գրիգոր Ամալյանը, Գալուստ Սահակյանի որդիներից՝ անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Երեւանի նախկին քաղաքապետեր Երվանդ Զախարյանն ու Ռոբերտ Նազարյանը:




Լրահոս