Մոտ մեկ ամիս առաջ օֆշորային սկանդալում ներգրավված Աշոտ Սուքիասյանի և սնանկացման եզրին գտնվող գործարար Փայլակ Հայրապետյանի միջև պետք է առերեսում լինել:
Ինչպես Armlur.am-ին հայտնել էր Փայլակ Հայրապետյանը, գործով քննիչն իրեն վաղուց էր տեղեկացրել, որ օրեր անց պետք է իրեն կանչեին առերեսման:
Անցել է արդեն մոտ մեկ ամիս, սակայն, ինչպես գործարարը նշեց Armlur.am-ի հետ զրույցում, «ձայն չկա»:
«Մինչև էսօր ինձ ոչ մի անգամ չեն հրավիրել, չեն կանչել, խոսակցություն չկա: Քննիչն ասում ա` քննություն ա գնում, հենց որ ավարտվի, կտեսնենք` ինչ հարցեր է, որ առերեսում անենք: Ներկայացուցչիս էլ չեն ընդունում»,- իր խոսքում նշեց Փայլակ Հայրապետյանը` հավելելով, որ եթե առաջ իրեն ասում էին, որ մոտ օրերս կլինի, ապա այժմ չեն ասում անգամ մոտավորապես երբ կլինի:
Հայրապետյանին այս պահին անհանգստացնում է նաև այն` կհարցաքննվե՞ն արդյոք սկանդալի կիզակետում հայտնված նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունիսից ՀՀ Քննչական գխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերով քննության վարչությունում նախորդ տարվա հունիսից Սուքիասյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Գործարար Ա.Սուքիասյանին ձերբակալել էին սույն թվականի փետրվարի 1-ին` Թուրքիայից Վրաստան ժամանման ընթացքում, իսկ արտահանձնման մասին որոշումը Վրաստանի արդարադատության նախարարը ստորագրել է հունիսի 3-ին:
Նշենք նաև, որ 2009 թվականին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Ներսես Երիցյանի մոտ ՀՀ այդ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հանդիպում-խորհրդակցություն էր կազմակերպվել 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ: Խորհրդակցության ժամանակ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։ Իսկ այդ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջև, որպեսզի դրանք սկսեին աշխատել։
Գործարար Փայլակ Հայրապետյանն առաջարկել էր գրավադրել իր 33 մլն դոլար արժողությամբ ամբողջ անշարժ գույքը և «Ամերիաբանկը»-ից ստացված մոտ 10 միլիոն դոլարը տվել էր Աշոտ Սուքիասյանին: Վերջինս այդ գումարը վերցնելով` փախել էր Հայաստանից: