Երեկ ողջ օրվա ընթացքում տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում շուրջ 350 հոգու աշխատանքից ազատել են: Ըստ այդմ, կոմբինատի նոր ղեկավարությունը ցանկանում է հիմնարկությունն ամբողջությամբ նոր աշխատակիցներով «հագեցնել»:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Մաքսիմ Հակոբյանից «Ժողովուրդ»ը փորձեց պարզել՝ արդյո՞ք համապատասխանում են տեղեկություններն իրականությանը, թե՞ ոչ: Սակայն վերջինս լսելով տեղեկությունը՝ վրդովված հայտարարեց. «Որտեղ են տեղեկությունները գրված, ուրեմն այսպես գրեք, ես այսպես եմ պատասխանում. էշերը հայտարարում են, որ կրճատումներ են կատարվում, բայց մարդիկ ասում են, որ այդպես չէ»,-ասաց Մ. Հակոբյանն ու անջատեց հեռախոսը:
Նկատենք, որ Մ. Հակոբյանը ցանկացած տեղեկություն հերքելու սովորույթ ունի: Վերջերս էլ «Ժողովուրդ»ի հետ զրույցում հերքում էր, որ իրեն կոմբինատի գլխավոր տնօրենի պարտականություններից ազատել են, սակայն հունիսի 24-ին Երեւանում կայացած «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ (ԶՊՄԿ) բաժնետերերի տարեկան ժողովի ժամանակ ԶՊՄԿ նոր գլխավոր տնօրեն նշանակվեց Նիլ Ստիվենսոնը: Իսկ Մաքսիմ Հակոբյանը նշանակվեց տնօրենների խորհրդի նախագահ: