«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը 2010 թվականի դեկտեմբերից Ազգային Ժողով եկավ ԲՀԿ համամասնական ցուցակով: Խոսակցություններ կային, որ նա հինգերորդ գումարման խորհրդարանում առաջադրվելու է թիվ 15 ընտրատարածքից: Սակայն Ախոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կուսակցությունը նպատակահարմար չգտավ իրեն առաջադրել այդ տարածքում, որովհետեւ կուսակցությունն ունի որոշակի ծրագրեր ու հստակեցված ռազմավարություն: Այսօր Արագած Ախոյանը ղեկավարում է թիվ 15 ընտրատարածքի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը. «Կուսակցությունն ինձ վստահել է կարեւորագույն մի աշխատանք, եւ ես պատասխանատվությամբ եմ վերաբերվում ինձ վստահված գործին: Ինչ վերաբերում է մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դառնալուն, ապա նման հարցերը միանձնյա չեն որոշվում, դա որոշում է կուսակցության քաղխորհուրդը եւ կուսակցության ղեկավարը` Գագիկ Ծառուկյանը»:
-Իսկ ինչո՞ւ Ձեր անունը չկա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակի անցողիկ 20 համարներում: Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ օրենսդրական գործունեությամբ այլեւս չեք զբաղվելու:
-Ո՞վ ասաց, որ չեմ զբաղվելու: Մեր կուսակցությունում գնահատում են մարդու կատարած աշխատանքը, գնահատում են մարդու արժանիքները: Ամենեւին կապ չունի, թե համամասնական ցուցակի որ համարում ես ներկայացված:
-Դուք, այնուամենայնիվ, եղաք Ազգային Ժողովում: Այդ ընթացքում ի՞նչ հասցրիք անել: Ձեր աշխատանքից գո՞հ եք:
-Ես դեռեւս պատգամավոր եմ, ու ինձ թվում է` դեռ կլինեմ: Ճիշտն ասած, իմ աշխատանքի համար շատ կարճ ժամանակահատված էր, ու անկեղծ ասած, պատկերացումները լրիվ այլ էին, եւ Ազգային Ժողովի աշխատանքը, ինչպես պարզվեց, ջանք ու եռանդ պահանջող աշխատանք է: Խորհրդարանում տարբեր կատեգորիաների պատգամավորներ կան: Ես ունեմ ինձ հարազատ կատեգորիա: Ազգային Ժողովը պետության մի բարձրագույն կառույց է, որտեղ չաշխատելն իմ կատեգորիայի մարդու համար ուղղակի անընդունելի է: Իսկ օրենսդրական աշխատանքը ոչ միայն նիստերին մասնակցելն է, այլեւ օրենսդրական նախաձեռնություններով ու ԱԺ մշտական հանձնաժողովներում ակտիվ գործունեությունը: Իմ պարագայում շեշտը հիմնականում դրվել է այն գործի շարունակության վրա, որը սկսել եմ դեռեւս տարիներ առաջ: Ես մշակույթի ոլորտի մարդ եմ, ու ինձ համար կարեւոր է եղել մշակութային խնդիրների լուծումների որոնումը: Ես չեմ պատկերացնում մեր երկրի զարգացումն ու նորովի ձեւավորումը առանց մշակույթի: Ու իմ մտահոգությունը մշտապես եղել է` չխեղաթյուրված ազգային մշակույթ եւ ազգային ինքնություն:
-Իբրեւ պատգամավոր` քանի՞ անգամ եք մոտեցել Ազգային Ժողովի ամբիոնին:
-Պետք է նշեմ, որ դեռեւս հայտարարությունների ձեւով եմ կարողացել ներկայացնել իմ ծրագրերը: Պատգամավորի ակտիվությունը չի որոշվում` ամբիոնից տարբեր հայտարարություններ հնչեցնելով: Կրկնում եմ, պատգամավորն օրենսդիր է, եւ իր հիմնական գործառույթը պետք լինի հանձնաժողովներում ծավալած ակտիվ աշխատանքը: Ես խոսել եմ գեղարվեստական խորհրդի ձեւավորման մասին: Ընդգծել եմ, որ եկել է ժամանակը, երբ մշակութային աղբը պետք է դեն նետել իրական մշակույթից: Այսինքն` լայն սպառման ապրանքը տարբերվի ազգային մշակույթից: Առաջարկել եմ ուշադրություն դարձնել հեռուստաեթերը ողողած հեռուստասերիալների ու էժանագին երաժշտության բացասական հետեւանքների վրա: Պետությունը եւ մշակույթի նախարարությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնեն այս փաստերին, որովհետեւ նմանատիպ արատավոր երեւույթներով մատաղ սերունդ ենք դաստիարակում: Երրորդ` առաջարկել եմ, որպեսզի հայկական դպրոցում դասավանդվի հայկական ազգագրական երգն ու պարը: Որպեսզի մանուկ հասակից մեր երեխաները կարողանան մոտ լինել ազգային մշակույթին:
-Օրենսդրական քանի՞ նախաձեռնությամբ եք հանդես եկել:
-Մեկ տարին այն ժամանակը չէ, որ կարողանաս կարեւորագույն օրենսդրական նախաձեռնություններ կենսակոչել: Սակայն մասնակցել եմ այն օրինագծերի ստեղծման աշխատանքներին, որոնք առաջարկել են իմ կուսակից ընկերները: Ես եղել եմ կանանց դերի բարձրացման օրենքի նախագծի քննարկման մասնակիցներից մեկը: Եւ կարեւորում եմ, որ գենդերային խնդիրն օրենքով կարգավորվի: Եթե հինգերորդ գումարման Ազգային Ժողովում ինձ հնարավորություն ընձեռվի աշխատել, ես հեռահար ծրագրեր ունեմ փոփոխություններ կատարելու առաջարկներով հանդես գալ բազմաթիվ օրինագծերում:
Հ.Գ. Ի դեպ, ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը, որը բազմաթիվ հայրենասիրական ծրագրեր է իրականացրել Արեւմտյան Հայաստանում, մի նվիրական երազանք եւս ունի` հաջորդ տարի մեր բազմաթիվ հայրենակիցների հետ շուրջպար բռնել Վանա ծովի ափին:
R