ԴՊՐՈՑԸ` «ԳԼԽԱՏՎԱԾ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 2-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը որոշում է կայացրել` աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու  կապակցությամբ մարտի 6-ից դադարեցնել Դեբեդավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Մարինե Հարությունյանի հետ կնքած հնգամյա աշխատանքային պայմանագիրը: Տիկին Մարինեն ասում է, որ այլ տնօրենների դեպքում, երբ լրացել է աշխատանքային պայմանագրի ժամկետը, մարզպետը, դադարեցնելով հանդերձ պայմանագիրը, նույն որոշման 2-րդ կետով նույն տնօրենին նշանակել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Մարինե Հարությունյանի դեպքում, սակայն, մարզպետը նման որոշում չի կայացրել: Նշենք, որ 5 տարի առաջ մարզպետ Ղուլարյանը իբր աշխատանքում թույլ տված խախտումների համար պաշտոնից ազատել էր Մարինե Հարությունյանին: Վերջինս դրա դեմ բողոքել էր ՀՀ նախագահի վերահսկողության ծառայություն, որի  կատարած ստուգումների արդյունքում  Մ. Հարությունյանի գործունեության մեջ օրենքի խախտումներ չէին հայտնաբերվել: Հավանաբար, Տավուշի մարզպետը չի  կարողանում մոռանալ այս պատմությունը: Մ. Հարությունյանը ներկայում դպրոցում դասաժամեր չունի եւ, փաստորեն, առանց աշխատավարձի է մնացել: Դպրոցի կողմից տրվող տեղեկանքների եւ այլ փաստաթղթերի տակ այժմ ստորագրում է  կրթօջախի ուսմասվարը: Մ. Հարությունյանն ասում է, որ դեռեւս 2011թ. փետրվարին  են կազմվել դպրոցի կառավարման խորհրդի ձեւավորման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, սակայն մինչ այժմ մարզպետարանը չի հաստատել խորհրդի կազմը: Տիկին Մարինեն կարծում է, որ դա միտումնավոր չի արվել: Հավելենք, որ Մ. Հարությունյանը ԲՀԿ անդամ է: Ապրիլի 19-ին նշանակված են Դեբեդավանի միջնակարգ դպրոցի տնօրենի ընտրություններ: Մարինե Հարությունյանը մտադիր  է մասնակցել եւ հաղթել այդ ընտրություններում:




Լրահոս