ՎԻԿՏՈՐՅԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ «Ամարաս» խմբի գեղարվեստական ղեկավարն է, ով պարային իր կարիերան սկսել է 5 տարեկանից` զբաղվելով դասական արվեստով` բալետով: Պարարվեստի ուսումնարանն ավարտելուց հետո 5 տարի էլ աշխատել է Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում որպես բալետի պարուհի: Այդ ընթացքում մի անգամ Էմմիի համար բեմադրություն է արել եւ դրական արձագանքներ ստանալուց հետո սկսել է ավելի լուրջ մոտենալ ժամանակակից պարերին: Վիկայի ծնողները նույնպես պարողներ են: Այն հարցին, թե պարուհու ճանապարհը նախօրոք ընտրված էր իր համար, Վիկան ասաց, որ ծնողներն իրեն ոչինչ չեն ստիպել, ինքն է ընտրել պարն ու շարժվել առաջ: Հիմա էլ Վիկան աղջիկ ունի, բայց բալիկի ծնունդը չի անդրադարձել նրա ակտիվ գործունեության վրա: Պարուհու խոսքերով` դժվարություններ իհարկե կան, ընտանիք, երեխա, աշխատանք այդքան էլ հեշտ չէ ունենալ, այն էլ անել այնպես, որ ամեն ինչում լավը լինես: Ինչպես Վիկան ասաց` աշխատում է օր ու գիշեր, քանի որ չի ուզում խմբի որակը գցել:
-Աղջկաս հաճախ չեմ տեսնում, կարեւորը` ունեմ ինձ հասկացող ամուսին, լավ սկեսուր, տատիկներ ու պապիկներ, որ բալիկի նկատմամբ ուշադիր են, որ ես էլ կարողանամ աշխատել:
-Փաստորեն, Ձեր ամուսինը կարծրացած մտածելակերպ չունի, թե կինը չպետք է բեմ բարձրանա:
-Իհարկե չունի, վերջերս նա ինձ նվիրեց իմ երազանքների պարային ստուդիան: Մենք հիմա արդեն տեղափոխվել ենք նոր, բարձրակարգ պայմաններով տարածք: Ես ունեմ նոր պարային դպրոց, եւ այդ ամենն իմ ամուսնու շնորհիվ:
-Մարտի 8 կապակցությա՞մբ է այդ նվերը մատուցել:
-Նա միշտ իմացել է, որ ես ցանկացել եմ այդ տեսակ ստուդիա ունենալ, բայց դրա համար տղամարդու հետեւողականություն էր պետք, նա էլ իրականացրեց իմ երազանքը: Կարելի է ասել, որ մեկամսյակի առթիվ է: Տարածքի հետ կընդլայնվեն նաեւ մեր խմբերը, հիմա արդեն 4 տարեկանից ընդունելություն ունենք մինչեւ ավելի մեծ, արդեն սիրողական խմբեր:
-Տարածքն ընդլայնվելու հետ ավելացել է նաեւ վա՞րձը:
-Դրա մասին պարտադի՞ր է խոսել: Լավ, կասեմ. տրամաբանական է, եթե պայմաններն ավելի լավացել են, զարմանալու բան չկա, որ մի քիչ էլ վարձն է փոխվել: Հետո մեր մասնագետների աշխատանքն էլ է շատ արժեքավոր: Ինքս էլ զբաղվում եմ խմբերով, իհարկե, ունեմ օգնականներ` իմ սաներն են, ովքեր ինձ հետ ամեն տեղ պարում են:
-Հե՞շտ է աղջիկների մի ամբողջ կազմ ղեկավարել:
-Վա՜յ, այնքան բարդ է, չեք պատկերացնի: Պետք է մի քիչ մանկավարժ լինես ու դրական մոտենաս սաներիդ, որ ոչ մեկին չնեղացնես, որ իրենք էլ քեզ սիրեն ու նվիրված աշխատեն: Մեզ մոտ ամեն ինչ փոխադարձ է, դրա համար էլ շատ համերաշխ աշխատում ենք:
-Նկատել եմ նաեւ մի բան, որ «Ամարաս» խմբի պարուհիներն այդքան էլ նիհարիկ չեն:
-Ես եմ այդպես ընտրում, շատ նիհարը մեր պարային ոճի մեջ չի սազում: Իհարկե, շատ գերը չի կարող պարել, բայց մի քիչ լիքոտ լինելն ավելի համով է դարձնում պարը: Դեմ չեմ, որ մի փոքր գեր լինեն: Բայց մեզ մոտ կա չափ, աղջիկները հետեւում են իրենց կառուցվածքին, բեմի վրա նրանց կառուցվածքը շատ գեղեցիկ է: Եթե համաշխարհային շոու բիզնեսին հետեւենք, կտեսնենք, որ Բեյոնսեն ու մնացած աղջիկներն էլ մի քիչ գիրուկ են:
-Դուք համագործակցել եք շոու բիզնեսի համարյա բոլոր ներկայացուցիչների հետ: Ո՞ւմ հետ եք հիմա աշխատում ու հայտնիներից է՞լ ում պարացրիք:
-Շատերի հետ ենք աշխատել, թվարկել չեմ կարող, ներկա դրությամբ աշխատում ենք Լիլիթ Հովհաննիսյանի տեսահոլովակի վրա, որը շուտով կնկարահանվի, Լիլիթն էլ հանդես կգա որպես պարուհի: Իսկ հայտնիներից պարացրինք Քրիստինե Պեպելյանին, հիմա արդեն Լիլիթին, տղաներից էլ Արամեին, Միհրան Ծառուկյանին…
-Ո՞վ է նրանցից ամենապլաստիկը:
-Չեի ցանկանա առանձնացնել, բայց Միհրան Ծառուկյանը շատ արագ է սովորում, ինքը լրիվ պարող-երգող արտիստ է: Իր հետ մեծ պլաններ ունենք:
-Ասում են` Անդրեն էլ պլաստիկ է:
-Իսկապես, բայց Անդրեի հետ քիչ եմ աշխատել, չնայած իրենից երեւում է, որ լավ է պարում: Արամեին էլ պետք է նշեմ, քանի որ ինքը շատ աշխատասեր է ու միշտ սպորտային վիճակում է, իր մոտ էլ լավ է ստացվում պարել:
-Իսկ աղջիկներից ո՞վ է ամենալավը պարում:
-Սիրուշոն, Էմմին, նրանք ամենապլաստիկներն են: Լիլիթից էլ չեմ բողոքում, շուտով նա էլ ակտիվ կպարի:
-Իսկ Ձեր աղջկան արդեն սովորեցնո՞ւմ եք պարել, հակում ունի՞ պարի նկատմամբ:
-Լրիվ մամային է քաշել, ինքը ծնվել է պարող, օրեցօր զգում ենք նրա տաղանդը: Ոչ ոք նրան ոչինչ չի սովորեցնում, ինքն իրենից ինչ-որ բաներ է հորինում ու պարում: Հասկանում ենք, որ գենն իրենն անում է:
-Քանի որ կանանց միամսյակն է` Ձեր շնորհավորանքները մեր հայ կանանց ու աղջիկներին:
-Բոլորին կանացի երջանկություն, թող հաջողակ լինեն իրենց կյանքում, որ միշտ լինեն ուրախ ու ժպիտով: Հաճախակի վայելեն գեղեցիկ պահեր ու գարնան պես ծաղկեն եւ իրենց կողքին այնպիսի տղամարդ ունենան, ինչպիսին ես ունեմ, ով իրականացնում է իր կնոջ երազանքներն ու պահպանում երջանիկ ու հաջողակ ընտանիքը:
«ԱՄՈՒՍԻՆՍ ԻՐԱԿԱՆԱՑՐԵՑ ԵՐԱԶԱՆՔՍ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ